Վարչապետը Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին նույնպես հանդիպման առաջարկ է արել,- տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպմանը, ապա Մակունցը նշեց․ «Այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը առ այն, որ լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, ես առաջարկում եմ՝ մենք առայժմ ավելի առաջ չգնանք և սպասենք այդ երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը, այնուհետև մենք մեր քայլերի մասին նույնպես կխոսենք»:
Խոսելով երեկ՝ Ազգային ժողովի շենքում դիպուկահարների ներկայության մասին՝ Մակունցը հիշեցրեց ոստիկանության երեկվա հաղորդագրությունը, ըստ որի՝ ընդդիմության հանրահավաքի ընթացքում սադրանքներ են հնարավոր: «Ենթադրում եմ, որ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել: Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ, և իրավապահ մարմինները, իրավիճակը գնահատելով կամ իրենց ստացած տեղեկատվության հիման վրա, միջոցառում են ձեռնարկում»: