• Thu. Apr 22nd, 2021

Հորդորում եմ բոլորին դիմակ կրել. չսպասենք պարտադրելուն

Կառավարության նիստում եւ երեկ Ազգային ժողովում ասացի, ունենք կորոնավիրուսային թվերի բարձրացում, եւ դրական թեստավորվածների տոկոսը հասել է 16 տոկոսի: ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով՝ հունվար-փետրվարի սկզբի կառավարելի վիճակը բոլորի զգոնությունը թուլացրել է, բայց այսօր պետք է գիտակցեն, որ ունեն շանս՝ կանխարգելելու, զսպելու աճը:

Հարցին թվերի աճին չի՞ նպաստել հանրահավաքների անցկացումը, նախարարը ասաց, որ ինքն էլ է մասնակցել հանրահավաքների, բայց միշտ եղել է դիմակով. «Հորդորում եմ բոլորին լինել դիմակով»:

Նախարարի խոսքով՝ բացի հանրահավաքներից, հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակի են. «Հիվանդացության տոկոսների նվազումը որոշակի զգոնության, հոգնածության զգացում էր առաջացրել, բայց խնդրում եմ, հորդորում եմ՝ այս պահին մենք պետք է վերադառնանք դիմակների խիստ կրմանը: Դրանք պարզ, հեշտ, մատչելի միջոցներ են՝ կանխարգելելու հիվանդությունը և մեզ հետագա՝ ավելի մեծ սահմանափակումներից, զոհերից պաշտպանելու միջոց է»:

Հարցին՝ վերադառնալո՞ւ են խիստ միջոցներին, օրինակ՝ տուգանքին, նախարարը պատասխանեց, որ դիմակներ կրելու դեպքում չեն վերադառնա այդ միջոցներին. «Չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսեւորենք եւ չհասնենք նրան, որ մեզ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի: Բայց եթե քաղաքացին չի անում օրենքով սահմանված պահանջ, ապա, այո՛, պետք է կիրառվի նաեւ տուգանք»: