• Thu. Apr 22nd, 2021

ՀՓՇ-ն անփառունակ վախճան կունենա, խաղի մեջ է նետվում Քոչարյանը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նախատեսում ստեղծել սեփական կուսակցություն: Նա այդ մասին հայտարարել է ռուսական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցության առաջնորդ: Հավանաբար, քաղաքական կուսակցություն չեմ ստեղծի, չնայած չեմ բացառում այդ տարբերակը: Հավանաբար, կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հնարավոր ընտրություններում»,- ասել է Քոչարյանը:

Որպես օրինակ նա բերել է իր նախագահության տարիները՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք իր խոսքերով  երկիրը զգալի տնտեսական հաջողությունների հասավ:

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայիս բողոքի ակցիաներին, նա իր համակիրներին կոչ է արել ներգրավվել այս գործընթացին:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցնում է՝ ժամանակին Քոչարյանը նշում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է. «Եվ հենց այդ ժողովրդի կուսակցությունով ինքը Սերժ Սարգսյանի հետ ձեռք ձեռքի բռնած, հետո էլ Նիկոլի քավորությամբ բերեցին հասցրեցին 2020 թվականի մեր խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի հանգրվանին։ Հիմա ի՞նչ խնդիր ունի լուծելու։ Երկիրը սրանից ավելի շատ ավերելու հնարավորություն չկա։ Եթե գործընթացները գնան արտահերթ ընտրությունների, չի բացառվում, որ ինքը գնա Հայրենիքի փրկության ճակատի մաս կազմող կուսակցություններով։ Դրանք  նախկինում իրեն սպասարկող կուսակցություններ են՝ ԲՀԿ, Դաշնակցություն և Հանրապետական կուսակցություն, մանր-մունրները չեմ նշի»։

Մակեյանը միևնույն ժամանակ  տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս են մտնելու հանրության մեջ. «Բայց հետևելով այս վերջին իրադարձություններին, կարող եմ Իսահակյանի ասածով ասել՝ փողը մթության մեջ լույս է տալիս։ Եվ նրանք փողի ուժով փորձելու են նորից երկիրը զավթել ու պահպանել այս հուսահատված վիճակը։ Նրանք այդ խնդիրն են լուծում, որին ցավոք սպասարկում է մեր երբեմնի գործընկեր Նիկոլ Փաշինյանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը սրան չսպասարկեր, իրենք վաղուց պետք է հայտնված լինեին  իրենց համապատասխան խցերում, իրենց գողացած փողերով պետք է բանակը զինվեր։ Եթե բանակը զինվեր նորագույն տեխնիկայով ու զենքով, մենք պարտություն չէինք ունենա։ Այս բոլորը փոխկապակցված է»,-եզրափակեց Մակեյանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանն արտահերթ ընտրություններին մասնակցի «Բարգավաճ Հայաստանի» միջոցով. «Մենք գիտենք, որ տարիներ առաջ այդ կուսացկությունը բացվել է Քոչարյանի միջոցով, երկար տարիներ վերահսկվել Քոչարյանի կողմից։ Ճիշտ է՝ մի պահ դուրս եկավ Քոչարյանի վերահսկողությունից, բայց հաշվի առնելով այն փաստը, որ այդ կուսակցությունն ունի տարածքային կառույցներ, մարդկային ռեսուրսներ՝ կարող է ինչ-որ պահ լինել Քոչարյանի ազդեցության տակ։ կան նաև այլ կուսակցություններ, որոնք կարող են լինել Քոչարյանի հենարանը»։

Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության ճակատի ապագային, մեր զրուցակիցն ընդգծեց. «Վազգեն Մանուկյանն անցումային թեկնածու էր։ Պլանն այնպիսին էր, որ նրա միջոցով գային իշխանության։ Այս խաղի մեջ նրա դերն այդքանով պետք է սահմանափակվեր։Բայց ավելի մեծ խաղ Վազգեն Մանուկյանի վրա դրված չէ, կարծում եմ ՀՓՃ-ն անփառունակ վախճան կունենա, ոչնչի չի հասնի։ Բնականաբար Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանա ասոցացվեն նրանց հետ և դա է պատճառը, որ հիմա ակտիվ մասնակցություն չունի իրենց հանրահավաքներին»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։