• Fri. Apr 23rd, 2021

Այսօր չենք ընտրելու դատավորի թեկնածու՝ դիրքորոշում ԲԴԽ նախագահին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ելույթում նշեց, որ այս երեք օրերի ընթացքում «Իմ քայլը» կենտրոնացել էր ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելու 2020 թվականի նոյեմբերի 15-ի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարութունը.

«Ցավոք սրտի ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահագություններն առ այն, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր: Հարցերին պատասխանելիս պարոն Վարդազարյանն ինքն ասաց, որ համպատրաստից չի եղել: Լինելով մի մարմնի անդամ, որը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանը իր գործունեությամբ որևէ կերպ չի ազդել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը: Ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանությունների երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը»:

Մակունցն ընգծեց, որ «Իմ քայլը» խորին ակնածանք ունի երկու թեկնածուների նկատմամբ. «Իմ քայլը» խմբակցությունը գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին, և վստահ ենք՝ դատական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանցից հետո նրանք շարունակելու են ծառայեցնել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին»:

Մակունցը նշեց, որ Ռուբեն Վարդազարյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ԱԺ-ի նկատմամբ. «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացրած թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնում ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի, որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարություների վերաբերյալ: Մեր այս դիրքորոշումն ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով՝  հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթի հետ առնչվող անձինք  միջնորդավորված կապ են հաստատում  ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի» ,- եզրափակեց Մակունցը:

Ես ցավում եմ, որ ընտրությունը օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ՝ քաղաքան որոշման արդյունքում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ըստ որի իշխող խմբակցությունը չի ընտրելու թեկնածուներից ոչ մեկին:

«Ես ինքս՝ որպես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, կադրային որոշում է կայացնում, և որոշում է՝ արդյոք անհրաժեշտ է այս կամ այն անձին ներկայացնել Վճռաբեկ դատարան, կամ Ազգային ժողովը կարող է բավարար ձայներ չտալ և այդ անձը շարունակեր աշատել որպես դատավոր»:

Մկրտչյանը հավելեց՝ հասկանում է, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է հետևանքներ ունենային: «Ցավում եմ, որ նման քննարկում տեղի ունեցավ Ազգային ժողովում, մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ՝ գուցե նաև քաղաքական իմաստով: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք ինչ-որ ձևով պետք է արտահայտեին դա: Չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի քվեարկության ձևով, որովհետև քննադատություններ հնչեցին այս քանի օրերի ընթացքում»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, Մկրտչյանն ասաց, որ այդ տեղեկությունները չունեն հենման կետ: