Մինչ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը, երկիր է «վերադառնում» նաև համաճարակի ուրվականը: Իհարկե այն չէր էլ հեռացել, սակայն անցնող մեկ-երկու ամիսների ընթացքում ակնհայտորեն նվազող միտումը ներկայումս դրսևորում է աճման նկատելի ընթացք:
Ըստ մասնագետների, վերջին երկու շաբաթներին նախորդ երկու շաբաթվա համեմատ վարակի դինամիկան աճում է մոտ 50 տոկոսով: Իհարկե նախորդ շրջանի նվազումը թույլ էր տվել Հայաստանին զգալիորեն «թեթևանալ» և ներկայիս աճը կարծես թե չունի սպառնալից ծավալներ, սակայն մյուս կողմից՝ այն շարունակվելու դեպքում կարող է ստանալ այնպիսի մասշտաբ, որը կբերի իսկապես խնդիրների: Իսկ դա էլ իր հերթին կասկածից վեր է դարձնում այն, որ վիճակը դառնալու է ներքաղաքական խաղարկումների առարկա:
Ըստ ամենայնի, պետք է քայլեր ձեռնարկել բնակչության շրջանում զգոնությունը բարձրացնելու համար, միաժամանակ, իհարկե, արագացնելով ռիսկային խմբերի պատվաստման գործընթացը: Կասկած չկա իհարկե, որ դրա դեմ էլ լինելու է քաղաքականացված արշավ, սակայն գործընթացը պետք է առաջ տանել, քանի որ Հայաստանի համար ներկայումս համաճարակային ճգնաժամի վերադառնալը՝ ներհասարակական-քաղաքական ճգնաժամի պայմաններում, կլինի անթույլատըրելի «ճոխություն»: Անթույլատրելի ճոխություն կլինի նաև տնտեսական խնդիրների առումով, որովհետև համաճարակային ճգնաժամը կհարվածի տնտեսությանը: Իսկ Հայաստանի տնտեսությունը ներկայումս այն վիճակում է, որ թեթև հպումն անգամ կլինի մեծ հարվածի հավասարազոր: Ըստ այդմ, քաղաքական պայքարը իր հերթին, սակայն կառավարող մեծամասնությանը անհրաժեշտ է ձեռնմուխ լինել կորոնավիրուսային համավարակի անհանգստացնող միտումների կառավարմանը, այդ դաշտում ճգնաժամ թույլ չտալու համար: Միևնույն ժամանակ, այդ խնդիրը պետք է լուծել տնտեսության համար առավելագույնս քիչ խնդիրներ առաջացնելու և հասարակական կենսագործունեության նվազագույն արգելակներ առաջացնելու միջոցով: