Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ում կա որոշում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առանց վարչապետի թեկնածու առաջ քաշելու պայմանի վերաբերյալ, և պատրաստ է ԲՀԿ-ն հրաժարվել Վազգեն Մանուկյանին վարչապետ առաջադրելու պայմանավորվածությունից, նշեց, որ այս հարցը նոր իրողություն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ կապված ԲՀԿ-ում քննարկում չի եղել.
Ճշտող հարցին՝ Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, և արդյոք ԲՀԿ-ն հաստատո՞ւմ է իր պնդումը, որ իշխանությունների կազմակերպած ընտրություններն իրենց համար ընդունելի չեն լինելու և շարունակում է ակնկալել Փաշինյանի հրաժարականը, Տոնոյանը նշեց՝ քաղաքականության մեջ հետպատերազմյան ժամանակաշրջանում դեպքերը զարգանում են անասելի արագ.
«Ցանկացած պահի կարող են տեղի ունենալ գործողություններ, որոնց հետ կապված կարող են լինել փոփոխություններ: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բնականաբար, քաղխորհրդի օրակարգում քննարկվելու է հենց այդ հարցերի շրջանակը, որից հետո կկանխորոշվի քաղաքական դիրքորոշումը և կներկայացվի ձեզ»: Լրագրողի՝ արդյոք Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն հարցի կրկնելուց հետո Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք որևէ այլ հայտարարություն չեն արել: