• Fri. Apr 23rd, 2021

Գալուստ Սահակյանն իր դերում․ ԳՇ հայտարարությունը հայտարարություն էր

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուր մատուցելու համար այցելել էր ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահը, պատասխանելով հարցին՝ արդյոք ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, նշեց, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը հայտարարություն էր, այն քաղաքական հայտարարություն չէր և ռազմական հեղաշրջման փորձ չէր:

Դիտարկմանը, որ 2008 թվականին գործող պաշտոնյաները, երբ քննադատում էին իշխանությանը, մի շարք դիվանագետներ հայտարարությամբ հանդես եկան, արդյունքում աշխատանքից ազատվում էին, Սահակյանը, սակայն, այն ժամանակ դա քննադատում էր, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «2008 թվականն այլ ժամանակաշրջան էր, հիմա այլ ժամանակաշրջան է։ Այսօր մենք հայրենիքն ենք տալիս, իսկ այն ժամանակ հայրենիքը տալու խնդիր չկար»։

Հարցին՝ արդյոք բանակը երբևէ իշխանության դեմ հանդես եկե՞լ է, այստեղ ռազմական հեղաշրջման փորձ չի՞ տեսնում, Սահակյանն ասաց, որ չի եղել նման դեպք. «Սա նշանակում է, որ Հայաստանը պիտի մնա Հայաստան երկիր, ուրիշի ձեռքը չպիտի ընկնի: Ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, եթե քաղաքում բանակ լիներ»։

Հարցին, թե ինչո՞ւ չի միանում ընդդիմադիրներին Բաղրամյան պողոտայում, ինչո՞ւ իրեն չեն տեսնում հարթակին, ԱԺ նախկին նախագահը նշեց. «Եթե Բաղրամյան պողոտա շատ մարդ է գալիս, դրանց մեջ նաև ես կամ: Ես ոչ մի անգամ չեմ եղել, չեմ էլ կարծում, որ պարտադիր է իմ այնտեղ լինելը, իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը ցանկացել է իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջարկը եղել է, սակայն մերժվել է. «Չցանկացավ, որովհետև ամբողջ ժողովուրդը, քաղաքական ուժերը միացել էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը»:

Խոսելով պետությունում ստեղծված իրավիճակի մասին՝ Սահակյանը նշեց, որ չի կարծում, թե կլինեն արտահերթ ընտրություններ. «Մեր ստեղծած շարժումն առաջ է գնում»՝ հավելելով՝ եթե վարչապետը մասնակցի ընտրություններին, իրենք չեն մասնակցելու: