• Fri. Apr 23rd, 2021

Դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական կիզակետում ի հայտ են եկել 2008-ից

Byhttp://Mitk.am

Mar 5, 2021

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հարցին՝ արդյոք պատգամավորները չեն համարում, որ հիմա հնձում են այն, ինչ ցանել են՝ մեջբերելով այսօրվա դեպքը, երբ քաղաքացիները ծաղկեպսակ էին տեղադրել «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան առջև՝ հիշեցնելով, որ 2018-ի հեղափոխության ժամանակ էլ իրենց աջակիցներն էին սև լենտեր և ծաղկեպսակներ տեղադրում Հանրապետականի պատգամավորների տների առջև, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ չի լսել այդ տեղեկության մասին. «Թե՛ նախկինում, թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ընդգծեց, որ 2018-ի հեղափոխությանը եղել են այդպիսի դրսևորումներ հեղափոխության աջակիցների կողմից.

«Դա մի բան է: Այլ բան է, որ պնդենք, թե հեղափոխական հարթակում կանգնած քաղաքական գործիչները և այժմ իշխանության մեջ ներառված քաղաքական գործիչները որևէ հավանություն տված լինեն դրան: Դա չի եղել: Քննադատություն է եղել: Ո՛չ 2018 թվականին, ո՛չ հիմա, և երբևիցե նման դրսևորումներն ինձ համար անընդունելի են: Քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել կոշտ քննադատություն նրանց քաղաքական գործունեության շրջանակներում: Երբևիցե նրանց անձի նկատմամբ ուղղորդված որևէ ճնշում կամ նման դրսևորումն անընդունելի է»:

Խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ընդգծեց՝ դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական կիզակետում ի հայտ են եկել առաջին անգամ ոչ թե 2018 թվականին, այլ 2008-ին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից. «Երբ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մեկ ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ դատապարտում է այդպիսի գործողությունները: