• Fri. Apr 23rd, 2021

Ինչ է պետք Հայաստանին քաղաքական ուժերի և գործիչների շահերից անդին

Մարտի 1-ի հանրահավաքում Սահմանադրության փոփոխության հեռանկարի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը հանրության ուշադրությանն է արժանացել կառավարման մոդելի փոփոխության հնարավորության մասին հիշատակումով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերին հնարավոր է Սահմանադրության փոփոխություն, և դրանում տեղ կունենա նաև կիսանախագահական մոդելի վերադառնալու տարբերակը: Հայաստանում թե՛ Սահմանադրության նախորդ փոփոխությունների ժամանակ, թե՛ ընդհանրապես պարբերաբար քննարկվել է կառավարման մոդելի հարցը: Այդ հարցը ունի, իհարկե, շատ շերտեր: Անկասկած է, որ մոդելային փոփոխությունները մշտապես հարմարեցվել են տվյալ պահին փոփոխող ուժի քաղաքական խնդիրներին և պատկերացումներին, ռազմավարական նպատակներին: 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանն անցումը կատարեց կիսանախագահականի, քանի որ ծրագրվում էր իբրև իշխանության շարունակություն դիտարկել խորհրդարանի մեծամասնության փոփոխությունը՝ ՀՀԿ փոխարեն ԲՀԿ մեծամասնություն, որը ձևավորվում էր նախագահի նստավայրում, և Վարդան Օսկանյանի առաջադրում նախագահի պաշտոնին: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կամ կլիներ վարչապետ՝ այդպիսով խորհրդարանական մեծամասնությամբ հակակշռելով նախագահին, կամ պարզապես կղեկավարեր մեծամասնություն-նախագահ հակակշիռը: Իհարկե, այդ ծրագրերը չիրականացան, և հաղթեց Սերժ Սարգսյանի քաղաքական պլանը:

Սերժ Սարգսյանն իր հերթին 2015-ին գնաց փոփոխության, որով գործնականում մի կողմից ապահովում էր վարչապետ մնալու տարբերակը, մյուս կողմից, սակայն, ավելի շատ ապահովում էր իշխանությունը ՀՀԿ նախագահի կարգավիճակով հեռավար կառավարելու հնարավորությունը: Իհարկե, արցախյան հարցում քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունները նրան պարտադրեցին գնալ վարչապետ առաջադրվելու ակնառու քաղաքական ռիսկին:

Ներկայումս բավականին նկատելի են Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդիրներն ու ռիսկերը, անհրաժեշտություններն ու, ըստ այդմ, կիսանախագահական մոդելի վերադարձի քննարկումը: Բանն այն է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը կառավարում է ամենևին ոչ ինստիտուցիոնալացված ուժեղ համակարգ: Սերժ Սարգսյանը կառավարում էր ուժեղ համակարգ: Այլ հարց է, որ այն ուժեղ էր կոռուպցիոն մոտիվով և առանցքով: Կար համակարգ, որտեղ ամեն պտուտակ աշխատում էր ըստ կարգի: Այդ պայմաններում Սարգսյանի համար դյուրին կլիներ հեռակառավարումը՝ զուտ ՀՀԿ նախագահի կարգավիճակով: Ավելին, նույնիսկ վարչապետի կարգավիճակում ամեն ինչ կլիներ առավել դյուրին: Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ձևավորել իր համակարգը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով, և գուցե չի հաջողվելու շատ երկար ժամանակ: Ըստ այդմ, նրան հեռանկարում անհրաժեշտ է ոչ թե խորհրդարանին ենթակա ուժեղ վարչապետի, այլ խորհրդարանից անկախ նախագահի կարգավիճակ:

Չի բացառվում, որ Փաշինյանն այդ միջոցով է նաև ակնկալում ձևավորել իր ուժեղ համակարգը: Ինչ է պետք Հայաստանին քաղաքական ուժերի և գործիչների շահերից անդին: Հայաստանին պետք է իհարկե արդյունավետ, հանրայնորեն թափանցիկ և հաշվետու կառավարում, որը կուժեղացնի պետությունը այս բարդ և մարտահրավերներով լեցուն ռեգիոնում, և թույլ կտա պետությանը օգտագործել արտաքին և ներքին հնարավորությունները: Այդ հարցը, իհարկե, չի լուծվում միայն չգողանալով կամ չկոռումպացվածությամբ:

Ըստ այդմ, որքան էլ, իհարկե, լավ պարողին ոչինչ չի խանգարի, այդուհանդերձ, կառավարման մոդելը հանրային զարգացման տեսանկյունից ունի նշանակություն: Որքան այդ մոդելը համահունչ և ներդաշնակ է տվյալ հանրության պատմա-հոգեբանական նկարագրին, պատմական զարգացման տրամաբանությանն ու փորձին, դրանից եկող առավելություններին, դասերին, որքան մոդելը հաշվի է առնում մենթալ առանձնահատկությունները, քաղաքական ավանդույթների բացակայությունն ու քաղաքական մշակույթի թերությունները, այդքան առավել արդյունավետ է լինում կառավարման և ռազմավարական զարգացման խնդիրների հանդեպ: Այդ իմաստով, հայկական հանրությանը, առավել ևս ներկայիս աշխարհում, թերևս առավել օպտիմալ է դիմել խորհրդարանական մոդելի կիրառմանը և գտնել բազմազանության և տարբերությունների պարագայում համակեցության ռեժիմը: Այլապես, ընտրությունն անձերի միջակայք բերելով կամ վերադարձնելով, մենք, ավելի մեծ հավանականությամբ, կքայլենք դեպի անցյալ՝ ինքնախաբեությամբ, թե լուծում ենք մեր խնդիրները, քան ապագա, որտեղ մեզ համար կենսական անհրաժեշտություն է գտնել մեր տարբերությունների և բազմազանության համադրված համակեցության, քան խլացման բանաձևը: