• Fri. Apr 23rd, 2021

Խուսափել նախկին – ներկա հակադրությունից չի հաջողվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների թեման և նորից կոչ արել քաղաքական ուժերին քննարկել այդ թեման, համաձայնության գալ ժամկետների ու պայմանների շուրջ: «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել է, որ դեմ չէ արտահերթ ընտրություններին, ԲՀԿ-ում նույնպես, կարծես, դեմ չեն, սակայն հանրության մի ստվար զանգված դուրս է մնացել քաղաքական գործընթացներից, որոնք, ըստ էության, չեն մասնակցում թե՛ իշխանական, թե՛ հակաիշխանական հանրահավաքներին:

Ո՞րն է լինելու արտահերթ ընտրությունների ինտրիգը, երբ հասարակությանը նոր ուժեր, նոր գաղափարներ չեն առաջարկվում, կամ, առնվազն, հասարակությունը չի տեսնում այդ ուժերին, ու ստացվում է, որ ընտրությունը նորից լինելու է նախկինների ու ներկաների՞ միջև: Ո՞ւր են նրանք՝ ովքեր ո՛չ Հանրապետության հրապարակում են, ո՛չ էլ Բաղրամյան պողոտայում: Ի վերջո, ամեն նոր ընտրություն, նախ և առաջ, նորության մասին է, չի կարող լինել ընտրություն առանց մենյուի կամ ընտրության առաջարկի մեջ նորի մասնակցության։

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

«Ես չէի ասի, որ հասարակությունը չի տեսնում նոր ուժերի: Այստեղ խնդիրը ոչ թե նոր ուժերի կողմից իշխանության հայտ ներկայացնելն է, այլ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունն է: Քանի որ իշխող ուժի ստացած բարձր տոկոսներն այլևս իրականություն չեն, այն ուժերը, որոնք հայտնվել են խորհրդարանում, և այն արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի վստահության քվե են ստացել ու չեն անցել խորհրդարան, նրանց նկատմամբ մոտեցումներն էլ են փոխվել: Բացի դրանից՝ այն ուժերը, որոնք այն ընտրությունների ժամանակ չեն եղել, նոր են ձևավորվել, նրանք նույնպես ունեն որոշակի հետևորդներ, և նրանց ձայնը պետք է լսելի լինի, և նոր իրավիճակում Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը պետք է ֆիքսվի նոր ընտրությունների միջոցով»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքերով՝ շատ կարևոր է, որ արտահերթ ընտրություններից առաջ իրականացվի Ընտրական օրենսգրքի բարեփոխում և ռեյտինգային արատավոր համակարգը վերացվի, անցում կատարվի ամբողջական համամասնական համակարգի, որից հետո հնարավոր կլինի խոսել խորհրդարանական հիմնադրույթների ամրապնդման և քաղաքական իրավիճակի կայունացման մասին:

Հարցին, թե այս ընտրություններն ինչի՞ շուրջ են լինելու, նախկինների ու ներկաների՞, Ղևոնդյանը պատասխանեց. «Դա կախված կլինի նրանից, թե քաղաքական դիսկուրսն ինչ ուղիով կընթանա քարոզարշավի ընթացքում: Ներկա զարգացումները կարծես թե վկայում են այն մասին, որ խուսափել նախկին-ներկա հակադրությունից չի հաջողվի, սակայն այսօր արդեն երրորդ կողմ կազմող ուժերի աշխատանքի խնդիրը կա: Թե ինչպես կաշխատեն, ինչքանով կկարողանան հասարակությանը հասցնել իրենց մոտեցումները, որքանով կկարողանան գաղափարականացնել ընտրությունները, խուսափել դրանք անձնավորելուց, կախված կլինի այդ ուժերի աշխատանքից, նաև նրանից, թե ինչքանով նախկին-ներկա այդ հակադրությունը հնարավոր կլինի չեզոքացնել ինստիտուցիոնալ քաղաքական գործընթացների միջոցով: Այստեղ շատ կարևոր է Ընտրական օրենսգիրքը, որը պետք է այդպիսի երաշխիքներ պարունակի իր մեջ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ այդ նոր ուժերը պետք է ավելի ակտիվ գործեին և ավելի շատ հասարակական աջակցություն փորձեին ստանալ, նա ասաց. «Կարծում եմ՝ ժամանակն է, և այդ գործընթացն իրականացվում է: Թե՛ մեր քաղաքական ուժը, թե՛ այլ ուժեր արդեն որոշակի գործընթացներ հարուցել են և դրանք ընթանում են: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակում նախկին-ներկա դիսկուրսը դեռ բավականին ուժեղ է: Կոտրել այդ դիսկուրսը և բերել գաղափարական մոտեցումներ, այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ՝ քաղաքական ուժերը գործում են իրենց հնարավորությունների սահմանում: Նաև հաշվի առնենք, որ ներկա իշխանությանը որոշակիորեն ձեռնտու է այս նախկին-ներկա հակադրությունը, քանի որ այդպիսով իրենց դիրքերը ուժեղանում են, իսկ գաղափարական պայքարի դեպքում հնարավոր է՝ նրանք չկարողանան նույն չափով հասարակության համախմբվածությունն ապահովել, քան հիմա են ապահովում»: