• Fri. Apr 23rd, 2021

Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է

Byhttp://Mitk.am

Mar 5, 2021

Այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ մեր պարտությունները սկսվել են հոկտեմբերի 27-ից:

Խոսելով Վազգեն Սարգսյանի մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ եղբայրն ամաչում էր, երբ իր մասին լավ բաներ էին խոսում. «Ասում էր՝ դե վերջացրու, կարմրում էր: Նա ամեն զոհվողի հետ զոհվում էր: Առերևույթ էր, որ նա ուժեղ, կամային, վերջնական որոշումներ կայացնող մարդ էր, իր բնավորության այդ գծով էր, որ նա կարողացավ հաղթանակ բերել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարություններ են անում, թե 30 տարի բանակ չենք ունեցել՝ Սարգսյանը պատասխանեց. «Եթե բանակ չունեինք, այդ դեպքում 94 թվականին ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը պարտադրված եղավ հաշտության փաստաթուղթ ստորագրել Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ: Հայաստանը այս 30 տարիների ընթացքում նաև ձեռքբերումներ է ունեցել»:

Հարցին, թե ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բանակի մասին տեղյակ չէ՞, քանի որ նա նույնպես հայտարարությունն է արել բանակի մասով՝ նախորդող 30 տարիների վերաբերյալ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում՝ տեղյակ չէ, կամ այդ ինչ խնդիր է, որ տեղյակ չէ: Սասուն Միքայելյանը 94 թվականին հաշտության համաձայնագիրը կնքելու և հաղթանակը բերելու գործում իր անձնական լուրջ ներդրումն ունի: Ես չեմ հասկանում ձեր հարցը կամ բզբզելն ու հրահրելն ինչ ենթատեքստ ունեն»:

Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը.

«Ես երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը 2 օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանը ինքն է ինքնագլուխ արել այդ ամենը։ Այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այդ ժամանակ Թիֆլիսում էր, ու նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինելուց: Տեսնում եմ քաղաքական բզբզողների, ովքեր չեն թաքցնում հեղաշրջումների հանդեպ իրենց հակվածությունը: Գտնում եմ, որ դա ոչ մի լավ բանի չի բերի: Գտնում եմ, որ նույն կերպ Օնիկ Գասպարյանը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Ընդհանրապես, այս կյանքն ինձ սովորեցրել է՝ ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում, դա էլ հնձում ես։ Բարություն ուղարկիր, մարդկանց գնահատիր, ու քեզ էլ կգնահատեն»:

Արամ Սարգսյանը նշեց՝ Վազգեն Սարգսյանի պարագայում երկրի ղեկավարությունը չէր կարող լարվածություն ունենալ ԳՇ-ի հետ:

Հարցին՝ եղե՞լ է ռազմական հեղաշրջման փորձ, Սարգսյանը նշեց. «Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է։ Ի՞նչ է նշանակում՝ դա փորձ է, թե փորձ չէ։ Եթե փորձը անում են ու հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Բարեբախտաբար, այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջնելու։ Եթե իջեցվեր, դա կլիներ արդեն ռազմական հեղաշրջման իրացում»։