• Fri. Apr 23rd, 2021

Մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն իր հետեւանքներով պակաս չէ ապրիլի 24-ից

Մարտի 16-ին ընդառաջ էական ռազմավարական քայլ կատարելու հնարավորություն կա, այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Առաջիկայում մարտի 16-ն է՝ մեր ժողովրդի կյանքում մեծագույն ռազմավարական բացասական դերակատարություն ունեցած ռուս-թուրքական պայմանագրի օրը։ Հակահայկական լինելուց զատ, այն նաև մեզ համար կործանարար, ցեղասպանության ամենահիմնական գործողությունն էր։ Եթե 1915 թվականի ապրիլի 24-ը համեմատելու լինենք 1921 թվականի մարտի 16-ի հետ, ապա դրա հետևանքներն ավելի դժնդակ եղան մեզ համար՝ որպես ազգ կայանալու մեր ճանապարհին։ Մարտի 16-ի պայմանագիրը դարձավ տարածաշրջանի, չակերտավոր, իրավաքաղաքական հարաբերությունները կարգավորող ապօրինի պայմանագիրը և չեղարկեց այն պայմանագիրը, որով Հայաստանն ունենալու էր մի քանի անգամ ավելի մեծ տարածք և ազատ ելք դեպի Սև ծով»,- նշեց նա։

Ըստ Հայրիկյանի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը, որոնք աշխարհով մեկ ցրված էին, կներգաղթեին այդ Հայաստան, մենք մեր տեղն ու դերը կունենայինք Մերձավոր Արևելքում։ «Եվ հավատացնում եմ, կլինեինք 20 մլն-ից ավելի բնակչություն ունեցող երկիր։ Եվ ուրեմն, մարտի 16-ն իր բացասական հետևանքներով պակաս չէ ապրիլի 24-ից։ Մարտի 16-ի պայմանագրով ավարտին հասցվեց ցեղասպանությունը և քաղաքական զարգացման առաջընթացի հնարավորությունից ամբողջությամբ զրկեց մեր ժողովրդին։ Հիմա կա հանրավորություն՝ առանց մեր կիսագրագետ և շատ գրագետ քաղաքական գործիչների թեթևսոլիկությունների, քաղաքացիներ, ձեզ եմ դիմում, էական ռազմավարական նշանակության քայլ կատարել։ Այս պահին դեռ չեմ ասի, որովհետև հաճախ իմ բազմաթիվ կարևոր գաղափարներ փչացրել են։ Հավանաբար մարտի 8-ին ես արդեն ձեզ կասեմ, թե ամեն մեկդ ինչ պիտի անեք՝ մեր ազգային քաղաքական կյանքում էական ներդրում ունենալու համար»,- ասաց նա։

Ըստ Հայրիկյանի՝ իրենք արժեհամակարգային լուրջ փոփոխություն են կատարելու նախ մեր քաղաքական մտածողության մեջ, այնուհետև աշխարհի ընկալումների մեջ։

«Ձեզնից ամեն ոք կարող է թագավորի, երկրի նախագահի դերակատարություն ունենալ ամսի 16-ին։ Թե հատկապես ինչ պիտի անենք բոլորս միասին, ես մարտի 8-ին արդեն կազդարարեմ։ Մտածեք, որ դուք եք տերը այս երկրի»,- հասարակությանը դիմեց Պարույր Հայրիկյանը։