• Thu. Apr 22nd, 2021

Հայաստանը պետք է կարողանա նվազագույնը ունենալ

Ռուսաստանցի քաղաքագետ, պատմաբան, արևելքի մասնագետ, թուրքագետ Ստանիսլավ Տարասովը, որն, ի դեպ, համարվում է այսպես ասած հայամետ սեգմենտի քաղաքագետ, ասում է, որ պանթյուրքիզմը՝ իբրև գաղափար, Օսմանյան Թուրքիայի քաղաքական վերնախավ է ներդրվել ցարական Ռուսաստանի գլխավոր շտաբից:

Տարասովը, որն, ի դեպ, ուսանել է Բաքվում, խորհրդային տարիներին շատ երկար ժամանակ աշխատել է Արևելքում, Թուրքիայում՝ ԽՍՀՄ դիվանագիտական առաքելությունների շրջանակում: Պանթյուրքիզմի վերաբերյալ Տարասովի պնդումը բավականին հետաքրքիր է և, մի կողմից, խորքային ուսումնասիրության առարկա, և ներկայիս աշխարհաքաղաքական մի շարք իրողությունների բանալի մյուս կողմից:

Այդ ամենով հանդերձ, Տարասովի խոսքերի համատեքստը որոշակի մտորումների տեղիք է տալիս նաև հայկական մտածողության առնչությամբ, որում պանթյուրքիզմի գաղափարը անշուշտ ունի ուղղակի կամ լատենտ ընդգծվածություն և քաղաքական մտածողության ձևավորման առանցքային դեր: Պատկերացնենք, որ Հայաստանում ինչ-որ մեկը հայտարարում է, թե պանթյուրքիզմի գաղափարը թուրքական վերնախավ է ներդրվել ռուսական գլխավոր շտաբից:

Պատկերացնո՞ւմ եք, թե որոշակի քաղաքական և հասարակական շրջանակներ ինչ կանեն այդպիսի հայտարարության հեղինակին, ինչ պիտակներ կփակցնեն՝ «սորոսական», «հակառուս», «թուրք», «դավաճան» և այլն: Մինչդեռ, այս մասին խոսում է ռուսաստանյան հեղինակավոր քաղաքագետներից մեկը, որն, ընդ որում, դիտարկվում է որպես հայամետ:

Նա է փաստորեն արձանագրում, որ պանթյուրքիզմի գաղափարը թուրքական վերնախավ է ներդրվել ռուսական կայսրությունից, որպեսզի այդ գաղափարի միջոցով կայսրությունը կարողանա իր ազդեցությունը տարածել այդ թվում՝ կովկասյան ռեգիոնում, բնականաբար, պանթյուրքիստական վտանգից ժողովուրդներին պաշտպանելու խաղաքարտի ռազմավարական հաշվարկով: Հարց է առաջանում, իհարկե, այժմ իրերի դրությունն ու հարաբերակցությունը նո՞ւյնն է, թե՞ այդուհանդերձ անցնող հարյուրամյակն ու աշխարհակարգային վերափոխումները փոխել են նաև ուժերի հարաբերակցությունը:

Թերևս, այո՛, արևմտյան անվտանգային բևեռին կցվելը Թուրքիային բերել է էապես նոր իրավիճակի, միաժամանակ Արևմուտքի հետ ռազմավարական հակադրությունն ու անգամ թշնամական դիրքավորումը, Արևելքից էլ չինական էքսպանսիան բոլորովին փոխել են ռուսական բևեռի ներուժը:
Ըստ այդմ՝ փոխվել է ռուս-թուրքական ուժերի հարաբերակցությունը, և, եթե պանթյուրքիզմի գաղափարը ռուսական կայսրության համար մեկ դար առաջ դիտարկվել է այսպես ասած թուրքական վերնախավն ու նաև մերձակա ժողովուրդներին կառավարելու միջոց, ապա այժմ թուրքական վերնախավը այդ գաղափարն ըստ էության շրջել է Ռուսաստանի դեմ նաև, և, մեծ հաշվով, մեղմ ասած բաց է հարցը, թե արդյո՞ք Մոսկվան ներկայումս ի վիճակի է կառավարել մեկ դար առաջ իր իսկ ծնունդ տված գաղափարը:
Այլ կերպ ասած, այն արդեն գործիք է, ինքնուրույն գործիք է Թուրքիայի, ոչ թե Ռուսաստանի ձեռքին: Համենայնդեպս կան այդպես մտածելու մի շարք գաղափարներ, ինչն էլ հենց պետք է մտորելու տեղիք տա հայկական քաղաքական վերնախավերին, եթե կան այդպիսիք:
Այստեղ է, որ առաջանում է խնդիրը՝ գտնել թուրքական վերնախավերի հետ հարաբերվելու մեխանիզմներ, առավելագույնս ուղղակի հարաբերվելու, որպեսզի անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքի գործիքն է պանթյուրքիզմը՝ Ռուսաստանի, թե Թուրքիայի, զգալիորեն չեզոքացվի Հայաստանին դրանից սպառնացող վտանգը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա նվազագույնը ունենալ երկու կողմի հետ էլ աշխատանքային հարաբերության հնարավորություն: