• Fri. Apr 23rd, 2021

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրն ու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը

Byhttp://Mitk.am

Mar 6, 2021 ,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա:

Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար, տեղեկացնում են կառավարությունից: