• Thu. Apr 22nd, 2021

Ռուսաստանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի քաղաքական գործիչների գերակշռող մասը Ռուսաստանի հետ հարաբերության խորացման կողմնակից է, հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը: Պեսկովը նշել էր, որ այդպիսի գործիչներ են թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հետաքրքիր է, նա Սերժ Սարգսյանի մասին լռել է, որովհետև չե՞ն հարցրել, թե՞ որովհետև Սերժ Սարգսյանին չի դիտարկում այդ շարքում: Այս հանգամանքը հետաքրքիր է մի քանի առումներով կամ պատճառներով, որ կապված են իր նախագահության ընթացքում էլ Սերժ Սարգսյանի և ՌԴ ոչ անամպ հարաբերության հետ: Բայց դա մեկ այլ թեմա է, մեկ այլ առիթով:

Պեսկովի հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ նա, ըստ էության, Ռուսաստանի համար, այսպես ասած, հենարան է դիտարկում Հայաստանի քաղաքական դաշտի գերակշռող մասը, որը ուշադրության է արժանի այն ինտենսիվ ջանքի ֆոնին, որ այդ դաշտում այդ հարցով առանձնանալու համար գործադրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա բավականին հաճախ և բավականին ընդգրկուն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերության խորացման, այսպես ասած՝ խոր ինտեգրացիայի մասին, փորձում ակնհայտորեն ներկայանալ որպես Հայաստանում ռուսական քաղաքականության անփոխարինելի գործընկեր՝ ըստ էության:
Պեսկովի հայտարարությունը հուշում է, որ Կրեմլը Ռոբերտ Քոչարյանին այդ տեսանկյունից չի դիտարկում անփոխարինելի և նշում է, որ քաղաքական դաշտի գերակշռող մասը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերության սերտ օրակարգի: Ինչո՞ւ է Կրեմլը ակնարկում դա երկրորդ նախագահին, կամ ակնարկում է Հայաստանին, որ Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք արված չէ, կամ նրա մասով կայացված չէ աջակցության քաղաքական որոշում բարձր մակարդակում:
Չի բացառվում, որ Մոսկվան այդպիսով փորձում է ապահովագրվել Հայաստանի հանրային բացասական կարծիքից, հաշվի առնելով երկրորդ նախագահի ցածր վարկանիշը: Միևնույն ժամանակ, եթե երկրորդ նախագահը ունենար Կրեմլի մակարդակով քաղաքական որոշում, ապա հազիվ թե նույն ինտենսիվությամբ փորձեր իր քաղաքական շնորհանդեսները կազմակերպել ռուսական լսարանի համար՝ հատկապես այն պարագայում, երբ թվում է ակնառու, որ դա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունվում հայկական լսարանում:
Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանի այդ ջանքը վկայում է, որ նրա առնչությամբ եթե Կրեմլը ունի քաղաքական որոշում, ապա առնվազն այս պահին այդ որոշումն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի գործոնը Հայաստանում ներքաղաքական իրողությունների վրա ազդելու առանցքային միջոց դիտարկելն է, ոչ ավելին: Երկրորդ նախագահը Մոսկվայում, ըստ ամենայնի, փորձում է հենց հասնել ավելիին արդեն տևական ժամանակ: