• Fri. Apr 23rd, 2021

Քանի՞ խոշոր ներդրումային ծրագիր կթակեր Հայաստանի դուռը, եթե լիներ ներքաղաքական ավելի կայուն իրավիճակ

The Heritage Foundation միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության զեկույցում Հայաստանը երկու կետով բարելավել է դիրքը տնտեսական ազատության ինդեքսում: Դա անշուշտ ողջունելի հանգամանք է, ինչը, սակայն, առնվազն ներկայիս փուլում կարծես թե վերածվում է զուտ տեսական արձանագրման:

Բանն այն է, որ Հայաստանի ներդրումային գրավչության, միջազգային բիզնես վարկի հարցը այսօր առավել քան կենսական է՝ հաշվի առնելով հետպատերազմյան թե՛ հոգեբանական, թե՛ ընդհանրապես համալիր պետական վերականգնման մարտահրավերները: Մյուս կողմից, սակայն, քանի կետով էլ Հայաստանն առաջադիմի այդ զեկույցներում, դրանք ըստ էության զուտ թուղթ են՝ առնվազն այն պատճառով, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ներկայումս բացարձակապես նպաստավոր չէ միջազգային ներդրումային գրավչության համար: Հետևելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի վարքագիծ են դրսևորում Հայաստանում քաղաքական դերակատարները և, նրանցից բացի, անգամ զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, որևէ արտերկրյա ներդրող ցանկություն չի ունենա Հայաստանի հետ կապել որևէ տնտեսական ծրագիր կամ մտածել ներդրումային որևէ քայլի մասին:

Ինչ խոսք, բավականին բարդ է ասել, թե հակառակ պարագայում քանի՞ խոշոր ներդրումային ծրագիր կթակեր Հայաստանի դուռը, եթե լիներ ներքաղաքական ավելի կայուն և կանխատեսելի իրավիճակ: Սակայն, մյուս կողմից, եթե անգամ ներդրողները այսպես թե այնպես հերթ չէին կանգնելու բավականին անորոշ ռեգիոնալ իրադրության մեջ գտնվող, բավականին ծանր պարտությունից նոր դուրս եկած Հայաստանում տնտեսական ծրագրեր իրականացնելու համար, Հայաստանն ինքը պետք է վերցներ իր առաջարկներն ու հայտերը և թակեր ներդրողների դռները՝ նրանց Հայաստանի հետ կապված հեռանկարներ առաջարկելու համար: Ընդ որում, առաջին հերթին թակեր սփյուռքահայ ներդրողների դռները՝ փորձելով նրանց համախմբել գաղափարական և տնտեսական նոր հեռանկարների շուրջ, մի կողմից՝ կառուցելով գործակցության առաջարկը տնտեսական շահի, մյուս կողմից՝ ազգային ինքնությունից բխող գաղափարական հողի վրա: Ընդ որում, այդ աշխատանքը թերևս պետք է լիներ հայաստանյան յուրաքանչյուր քաղաքական ուժի մտահոգության առարկան՝ անկախ իշխանության համար քաղաքական պայքարից, որովհետև այսօր առավել քան երբևէ կարևոր է Հայաստանի ամրացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Դրա փոխարեն, սակայն, քաղաքական դաշտում մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով: Այդ պարագայում, որքան էլ լավ գնահատականի արժանանա Հայաստանը միջազգային կազմակերպությունների տնտեսական ինդեքսներում, դրանք Հայաստանի համար չեն կարող խոստանալ տնտեսական առարկայական հեռանկար, որովհետև ներդրողները համադրելու են դրանք առկա քաղաքական իրողությունների հետ: