• Fri. Apr 23rd, 2021

600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը

Byhttp://Mitk.am

Mar 6, 2021

Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետեւած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հայտնել, որ պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը շրջանցման եւ ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՍՍ կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած Պաշպանության նախարարությունը, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված էր մեր պատասխանում: Այս իրավիճակում դժվար է որեւէ գերատեսչության հավատալ: