• Fri. Apr 23rd, 2021

Անբարո գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։

Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։

Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Տավուշի մարզպետարանի հայտարարությունը.

Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել ենք բազմիցս` հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում:

Սիրելի տավուշցիներ, մեզ հնարավոր չէ խուճապի մատնել, մեր սահմանները ամուր են նաև ձեզնով:

Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»:

Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց, հայտնում են ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, ինձ այդ մասին զինվորականներն են հայտնել, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի: Այս մասին այսօր ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:

«Ես անձամբ չեմ տեսել, բայց ինձ զինվորականները հայտնել են, որ ռուսները եկել են, բայց ադրբեջանցիներ չեն եկել, դրոշներ չեն դրել, նման բան չկա: Մենք չգիտենք` ռուսներն  ինչի համար են եկել, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան, բայց պաշտոնական ոչ մի բան չկա: Ասում են, որ Նոյեմբերյանի կողմ են գնացել ռուս խաղաղապահները, մի քանի պիկապներով են եղել»,- ասաց նա: Բեգինյանի խոսքով սահմանազատման գործընթացներ տեղի չեն ունենում: