• Fri. Apr 23rd, 2021

Արևմտյան աշխարհը և վերաճող քաղաքական քաոսը Հայաստանում. AgoraVox (Ֆրանսիա)

Բողոքի ցույցերը թույլ տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ  նրան հաջողվեց արագ աջակցություն ստանալ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: Ճակատագրի հեգնանքով, նմանատիպ բողոքի ցույցերն  այսօր կարող են հանգեցնել նրա հրաժարականին: Բայց ԱՄՆ-ը և ԵՄ-ն այլևս ի վիճակի չեն կայունացնել իրավիճակը հանրապետությունում: Հեղինակը համեմատում է Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ  ԱՄՆ դիրքորոշումը:

Տարիներ շարունակ վարած անպտուղ քաղաքականությունը, ընդդիմության ճնշմումները և վիճահարույց բարեփոխումները ոչ մի կերպ չեն նպաստել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։ Այսօր ավելի ու ավելի շատ հայեր են պահանջում նրա հրաժարականը, բայց վարչապետը համառորեն կառչում է իշխանությունից՝ երկիրը մղելով քաոսային անդունդը:

Ճգնաժամի պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, ավելի ճիշտ՝ վերջինիս հետևանքները: Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր զինված բախումը երկար ժամանակ է ինչ սպասվում էր, սակայն դրան պատրաստ չէին միայն Հայաստանի իշխանությունները: Բացի այդ, Ադրբեջանը դիմեց Թուրքիայի աջակցությանը: Նման իրավիճակում Հայաստանը հույս էր կապում Ռուսաստանի հետ, բայց Կրեմլը որոշեց կարգավորել իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով: Փաստաթուղթը հայերին պարտավորեցնում էր առանց դիմադրության զիջել տարածաշրջանի տարածքների մի մասը:

Շատերը դա ողջամտորեն դիտարկեցին որպես կապիտուլացիա, բայց նույնիսկ պարտությունը կարող է օգտագործվել դրական ձևով: Փաշինյանին հնարավորություն տրվեց խթանել ազգային միասնության գաղափարը, բայց փոխարենը նա որոշեց պառակտում առաջացնել և ռեպրեսիաներով արձագանքեց ընդդիմության կոչերին: Այստեղ արժե նշել Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդեր» հրթիռային համակարգի անարդյունավետության մասին: Ռուսական արտադրության այս զենքը հայկական բանակի զինանոցում է, և, ըստ Փաշինյանի, չի աշխատել կամ աշխատել է ընդամենը 10%-ով։ Իրականում, այդ զենքերը ընդհանրապես չեն օգտագործվել հակամարտության ընթացքում: Արդյունքում, Հայաստանի վարչապետը միայն Մոսկվայի դժգոհությունն առաջացրեց: Իսկ նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի վերջերս հայտնած ներողությունը դժվար թե շտկի իրավիճակը: Դեռ ավելի վատ, Փաշինյանն իր դեմ հանեց երկրի ռազմական ղեկավարությանը։ Նա արդեն փորձել է Ղարաբաղում ձախողման պատասխանատվությունը բարդել բանակի վրա, իսկ այժմ հատել է վերադարձի կետը։ Ճգնաժամը թեժացավ այն բանից հետո, երբ Փաշինյանը աշխատանքից ազատեց իր դեմ հանդես եկող Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիգրան Խաչատրյանին։ Նման քայլից հետո Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի հրաժարականը: Նրան մեղադրում էին անհեռատեսության և իռացիոնալ քաղաքական որոշումների մեջ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Նա բանակին մեղադրեց պետական ​​հեղաշրջման փորձի մեջ:

Այսօր կարող ենք ասել, որ Հայաստանում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ Փաշինյանը ճգնաժամը հաղթահարելու ոչ մի ծրագիր չունի: Իշխանությունը արհեստականորեն պահելու հուսահատ փորձի ընթացքում նա  սպառնալիքներ է տարածում։ Հետաքրքիր է, որ հենց ինքը՝ Փաշինյանը, նույնպես իշխանության եկավ այսպես կոչված թավշյա հեղափոխության արդյունքում։ Նա կարողացավ Եվրոպայից և ԱՄՆ-ից արագ աջակցություն ստանալ: Եվ սա միայն ավելի երեսպաշտ է դարձնում Արևմուտքի ներկայիս պահվածքը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել հանգստություն և զսպվածություն, մեղմել լարվածությունն առանց բռնության»,- ասվում է ԱՄՆ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այժմ նայենք Վրաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որտեղ նմանատիպ իրավիճակ է զարգանում: Ընդդիմության առաջնորդ Նիկ Մելիան վերջերս հայտնվեց ճաղերի ետևում, և ամերիկացի դիվանագետները չհապաղեցին մինչև վերջ քննադատել արտասահմանյան կառավարությանը։

Մեզ անհանգստացնում է ճգնաժամի պայմաններում Վրաստանի ղեկավարության պառակտիչ հռետորաբանությունը: Բռնությունն ու ագրեսիան Վրաստանի քաղաքական տարաձայնությունների լուծումը չեն: Այսօր Վրաստանը նահանջել է եվրատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության ամրապնդման իր ճանապարհից»։

Երկու երկրներն էլ այսօր զգում են իրենց ժողովրդավարական ինստիտուտների ուժը, մինչ վրացական վերնախավը հստակ սպառնալիքներ է ստանում,  Փաշինյանը տեսնում է միայն տակտիկական կոչեր: Ինչո՞վ է իրավիճակը Հայաստանում տարբերվում Վրաստանում  տիրող իրավիճակից: Առաջին հերթին, Փաշինյանը մշտապես վայելում էր արևմտյան գործընկերների աջակցությունը: Իշխանություն համարվող վրացական կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի կարող պարծենալ նման բանով: Այնուամենայնիվ, կա մեկ այլ, շատ ավելի տագնապալի պատճառ Հայաստանի վարչապետի նկատմամբ Արևմուտքի հանցավոր վերաբերմունքի համար:

Ինչ էլ որ մտածեն Վլադիմիր Պուտինի մասին, Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Կրեմլի վաստակն է: Չնայած Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հանդես եկան որպես հակամարտության կարգավորման երաշխավորներ, նրանք սահմանափակվեցին պաշտոնական հայտարարություններով: Ավելին, նրանք ճնշում չգործադրեցին ՆԱՏՕ-ի իրենց գործընկերոջ՝ Թուրքիայի վրա, որը Ադրբեջանին մատակարարում էր ռազմական տեխնիկա և էժան վարձկաններ։ Աշխարհաքաղաքական անվերջ բախումների աշխարհում Ռուսաստանի հաջողությունը պարտություն է դարձել արևմտյան երկրների համար:

Փաշինյանը դեռ կարող է շտկել «անարդարությունը»

Նա արդեն փորձել է սաբոտաժի ենթարկել համաձայնագիրը՝ հրաժարվելով հակամարտության գոտուց դուրս բերել զորամասերը: Մի քանի հարյուր հայեր գերի են ընկել ադրբեջանցիների կողմից: Հայաստանում տիրող քաոսը մեծացնում է պայմանագիրը խախտելու ռիսկը: Ռուսաստանի սահմանների երկայնքով նոր բախումները, անկասկած, շահավետ կլինեն նրանց համար, ովքեր ցանկանում են թուլացնել այս աշխարհաքաղաքական մրցակցին: Բայց կարո՞ղ են ԱՄՆ-ը և ԵՄ-ն շահել հայերի վստահությունը տեղի ունեցածից հետո: Արդյո՞ք նրանք ունակ են կայունացնել իրավիճակը հանրապետությունում, որպեսզի վերջինս դառնա իսկապես հուսալի գործընկեր, այլ ոչ թե ֆինանսական օգնության անվերջ ստացող:

Ուկրաինան, օրինակ, ընտրեց երկրորդ տարբերակը, քանի որ նախկինում արևմտյան երկրները սատարում էին Կիևի ֆաշիստական ​​պուտչին, բայց չկարողացան ավարտին հասցնել գործը: Նրանց չհաջողվեց բավականաչափ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջ դնի պուտչի ստեղծած հակամարտությանը: Չհաջողվեց ապահովել Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումները: Ճակատագրի հեգնանքով, ժողովրդավարությունը հաղթեց արևելքում՝ Դոնբասի անջատողական հանրապետություններում, որոնք դեմ էին ամերիկյան միջամտությանը: Կիևում նույնպես հրաժարվել են կոռուպցիայի և օլիգարխների դեմ պայքարից, և ուկրաինական տնտեսությունն այսօր չի կարող գոյություն ունենալ առանց Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության:

Եթե ​​ԱՄՆ-ը և Եվրոպան չեն ցանկանում Հայաստանի համար նույն ճակատագիրը, ապա նրանք պետք է վերանայեն իրենց մոտեցումը, բայց դա ակնհայտորեն նրանց առաջնահերթություններից չէ: