• Fri. Apr 23rd, 2021

Հայ-ռուսական հարաբերության առողջ և միջպետական բնույթը խոր և անդառնալի ճահճից փրկելու մեկ տարբերակ

«Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջ բերեց ռուսական մեդիափորձագիտական շրջանակի, անգամ որոշ պատգամավորների բուռն քննադատությունն ու կոշտ արձագանքը: Այստեղ, իհարկե, առանձնահատուկ հմտություն պետք չէ՝ գլխի ընկնելու համար, թե ինչն է պատճառը:

Պատճառն այն է, որ Սարգսյան-Փաշինյան հեռակա, անուղղակի հարցուպատասխանի կամ բանավեճի համատեքստում բացահայտվել է առնվազն կասկած կամ հարցադրում, որ Հայաստան մատակարարված գովական «Իսկանդերները» ունեցել են հրթիռների հետ կապված խնդիրներ: Ընդ որում, այստեղ մտածել, թե դա արվել է Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով կամ այլ կերպ ասած՝ Կրեմլի ուղիղ ցուցումով, իհարկե կլինի շտապողականություն: Չենք կարող բացառել ոչինչ, սակայն չկա նաև որևէ բան պնդելու հիմք:

Կա հարցադրում, վարչապետ Փաշինյանի մակարդակով բարձրաձայնված խնդիր, և այդ առնչությամբ կասկած և հարցեր «Իսկանդեր»-ի մատակարար կողմին: Նիկոլ Փաշինյանն անկասկած գիտակցել է, թե ինչ է ասում և ինչ արձագանք կարող է ունենալ խոսքը Ռուսաստանում: Այստեղ, սակայն, կա երկու հանգամանք՝ Փաշինյան-Պուտին մակարդակ և մնացյալ մակարդակներ: Հայ-ռուսական հարաբերությունը այդ տարանջատվածությունն է ունեցել միշտ, դրա պատճառները առավելապես Ռուսաստանի պետականության բնույթն է, պետական և քաղաքական համակարգի էությունը: Դա առանձին թեմա է:

Արդյոք Փաշինյանի հայտարարությունը խնդի՞ր է առաջացնում Փաշինյան-Պուտին մակարդակում, թե՞ այդ հարցը այդ մակարդակում արդեն քննարկվել է անգամ: Մյուս մակարդակներում Ռուսաստանի պարագայում եղել է և կա ու թերևս խորանում է մեկ այլ պատկեր: Ռուսաստանում սրվում է իշխանության խնդիրը, Արևմուտքի հետ դիմակայության և սպառվող, նվազող ռեսուրսների ու թուլացող ներուժի պայմաններում սրվում է ավելի մեծ արագությամբ և ինտենսիվությամբ, քանի որ էապես նվազում է նաև ՌԴ նախագահ Պուտինի հանրային վարկանիշը: Դա առաջ է բերում տնտեսաքաղաքական ներքին էլիտաների միջև առանց այդ էլ եղած պայքարի թեժացում, որովհետև նվազող ռեսուրսների համար պայքարը բնականաբար բազմապատկվում է: Իսկ այստեղ ինչպես եղել են, այնպես էլ խորանում են տարբեր մոտեցումներ Կովկասի հանդեպ քաղաքականության, Թուրքիայի, Ադրբեջանի հետ քաղաքականության իմաստով:

ՌԴ տնտեսաքաղաքական մի շարք ազդեցիկ շրջանակներ միլիարդավոր դոլարների և ներռուսաստանյան ու անգամ միջազգային դիրքերի շահառություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, այդ շրջանակները՝ նվազագույնը այդ շրջանակները, շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանն առավելագույնս ազատ լինի Հայաստանի հանդեպ որևէ բարոյաքաղաքական պարտավորությունից: Իրավաքաղաքականի առումով այդ շահագրգռությունը չկա, քանի որ դա ապահովում է Հայաստանի վրա ազդելու հնարավորությունների ծանրակշիռ փաթեթ:

Այդպիսով, այդ շրջանակների համար ավելի ու ավելի խնդիր է հայ-ռուսաան հարաբերության, այսպես ասած, վատթարացման պատասխանատվությունը դնել Հայաստանի իշխանության վրա: Այդ մարտավարությունը կիրառվում է՝ սկսած Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից:

Հիշենք, թե ինչ լուտանքներ էին Հայաստանի հասցեին Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման համատեքստում: Ընդ որում, ակնառու է նաև, որ ինչ-ինչ մոտիվներից կամ լծակներից ելնելով՝ այդ շրջանակները Հայաստանում ունեն նաև «թիկունքային աջակիցների» կայուն շրջանակ, որոնք ձայնակցում են Ռուսաստանին Հայաստանի առաջ որևէ պատասխանատվությունից ազատելու ռուսական քարոզչությանը:

«Իսկանդեր»-ի պարագայում մենք տեսնում ենք գործնականում այդ պատկերը, որը ոչ մի ընդհանուր կապ չունի հայ-ռուսական հարաբերության կայուն և հաստատուն հեռանկարի հետ, այլ հակառակը՝ ուղղակի տորպեդահարում է այդ հեռանկարը՝ այն վերածելով բուտաֆորիայի, Հայաստանը ՌԴ-ի համար դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության համար պահվող բալաստ՝ անհրաժեշտության դեպքում դրա մի մասից հրաժարվելու համար: Հայաստանի որևէ իշխանություն ուղղակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով չի կարող լինել հակառուսական և չի կարող հարվածել հայ-ռուսական հարաբերությանը: Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունը չի պայմանավորել և չի պայմանավորում անձով: Դրա համար բավական է դիտարկել թեկուզ Պուտինի ընկեր դիտվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության 2005-06թթ. շրջանը, որն այլ կերպ, քան հայ-ռուսական լարվածություն, բնութագրել հնարավոր չէր:

Ըստ այդմ՝ կա հայ-ռուսական հարաբերության առողջ և միջպետական բնույթը խոր և անդառնալի ճահճից փրկելու մեկ տարբերակ՝ հանրայնորեն դադարել այդ հարաբերության համար պատասխանատվությունը առավելապես հայկական տիրույթում դիտարկելը և միևնույն ժամանակ կարողանալ առնվազն հանրայնորեն ծավալել քննարկում այդ դաշտում եղած խնդիրների և հարցերի վերաբերյալ՝ պատասխանատվության հարցը փոխադարձ դարձնելու համար: Չի կարող լինել առողջ և հետևաբար հուսալի հարաբերություն որևէ երկու սուբյեկտի միջև, եթե այդ հարաբերությունը կառուցվում է միակողմանի պատասխանատվությամբ: