• Fri. Apr 23rd, 2021

Վարչապետի ելույթը անվտանգության խորհրդի հերթական նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․

«Հայտնի իրադարաձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում: Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար:

Իհարկե, տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից և մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային: Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով և մյուս կողմից իհարկե պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, մենք պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության:

Ընդհանրապես, կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու: Հարցն էական է և ուշագրավ, բայց ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերրից: Մենք պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է:

Այնպես որ այսօր մեզ հաջող և արդյունավետ քննարկում եմ մաղթում»: