• Fri. Apr 23rd, 2021

Ճահիճը, որը կլանում է Հայաստանը և թույլ չի տալիս ոչ միայն ոտքի կանգնել

Հայաստանի քաղաքացին առաջիկա արտահերթ ընտրությանը պետք է կատարի ոչ միայն իշխանության ընտրություն: Հայաստանի քաղաքացին պետք է ընտրությանը մոտենա նաև ընդդիմություն ընտրելու պատասխանատվությամբ:

Ավելին, թերևս ավելի շուտ հենց ընդդիմություն ընտրելու պատասխանատվությամբ, որովհետև ցանկացած երկրում իշխանության արդյունավետությունը ուղիղ կախված է այն հանգամանքից, թե ով կամ ինչպիսին է ընդդիմությունը:

Միևնույն ժամանակ, ցանկացած երկիր խոցելի է նաև հենց այն տեսանկյունից, թե ով է ընդդիմություն, այն իսկապե՞ս այլընտրանք է իշխանությանը, թե՞ ոչ:

Ընդդիմության խնդիրը Հայաստանի համար զգալի է եղել միշտ, հատկապես վերջին 10-15 տարիներին, առավել ևս հեղափոխությունից հետո և առավել քան այժմ՝ ծանր պատերազմից հետո: Վաղը այն զգալի է լինելու ավելի, որովհետև պատերազմն ավարտվել է, սակայն ռեգիոնում աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական դիմակայությունը, դիրքային պայքարը՝ ոչ, և ինչպես պատերազմի ժամանակ էին ռեգիոնալ դերակատարները Հայաստանի դեմ, այդպես էլ շարունակում են մնալ նույն դիրքերում և, ըստ այդմ, ձգտելու են անել հնարավորը, որպեսզի Հայաստանը զրկված լինի սուբյեկտային ճկունությունից: Հետևաբար ընդդիմությունը կարևոր է հենց այդ ճկունությունն ապահովելու համար:

Ընդդիմության, իրական, բովանդակային, հայեցակարգային ընդդիմության բացակայությունն է նաև պատճառը, որ հետպատերազմյան իրավիճակում նոյեմբերի 9-ի գիշերվանից  իսկ պետությունը ներքաղաքական կյանք ցուցանակի ներքո ընկղմվեց ավելի շուտ խուլիգանական քաղաքականության ճահիճը, որը կլանում է Հայաստանը և թույլ չի տալիս ոչ միայն ոտքի կանգնել ընկած տեղից, ձեռնամուխ լինել հայկական պետականության վերականգնման լայն գործընթացի, այդ թվում՝ քաղաքական բովանդակային դիսկուրսի միջոցով, այլև դանդաղ քաշում է Հայաստանը:

Այդ ամենի հանրագումարն է, որ ակնառու է դարձնում՝ Հայաստանում արտահերթ ընտրությունը ոչ միայն իշխանության և ոչ այնքան իշխանության, որքան երկրում նոր որակի, գաղափարական, թարմ քաղաքական հայացքի տեր ընդդիմության ընտրություն է, ինչին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է մոտենան ամենայն պատասխանատվությամբ՝ Հայաստանում քաղաքական ընդդիմության խորքային, համակարգային, ինստիտուցիոնալ ճգնաժամի էջը փակելու համար:

Միևնույն ժամանակ, այդ ընտրությանն իհարկե ամենայն պատասխանատվությամբ քաղաքացիներին ընդառաջ պետք է գնան այն քաղաքական միավորները, որոնք գիտակցում են խնդիրը և պատրաստ են օգնել հանրությանն այն լուծելու հարցում: