• Fri. Apr 23rd, 2021

Վրաց – թուրքական նոր բախում․ Անկարան հիշեցրել է Բաթումին ու Ջավախքը

Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը դադարեցվել է 9-12 ամսով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նախագիծը նախատեսում է երկու անկախ ՀԷԿ-երի կառուցում Ռիոնի գետի հովտում։ Սակայն ընդդիմախոսները պահանջում են, որպեսզի կառավարությունը խզի պայմանագիրը թուրքական Enka ընկերության հետ, ինչպես նաև թուրքական ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը։

«Սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ». այս կերպ է մեկնաբանել Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգենը մի շարք հայտարարություններ, որոնք արվել էին Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի ժամանակ։

«Ինձ համար անակնկալ էր տեսնել բողոքի ցույցերը։ Երկրորդը, ինչը ինձ զարմացրել է, դա հակաթուրքական, թուրքաֆոբ, և որոշ դեպքերում նաև հակաիսլամական քարոզչությունն է։ Սա մտահոգիչ է, քանի որ ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ հավատքը վրացական ինքնության բացկացուցիչ մասն է, բայց երբ խաչը դրվում է շինարարության վրա և հայտարարվում, որ նրանք չեն ցանկանում թուրքական ընկերություն Վրաստանում, ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ» ,  – ասել է դեսպանը։

Formula ընդդիմադիր հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ, դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ով է փորձում սեպ խրել Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունների մեջ, ասել է․ «Երբ ես առաջին անգամ ժամանել եմ Վրաստան, լսում էի բամբասանքներ այն մասին, որ Կարսի պայմանագիրը կդադարի գործել իր 100-ամյակին, և ես հասկացա, որ այսպիսի սուտը գալիս է դրսից։ Ինչու՞։ Որովհետև թուրք-վրացական կապերը Կովկասի կայունության ողնաշարն են։ 2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի ավարտվի, մենք չենք պահանջի հետ վերադարձնել Բաթումին, իսկ մեր զորքերը չենք ուղարկի Սամցխե – Ջավախեթիա», ասել է նա։

Այս տրամադրությունները, սակայն, նոր չեն։ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2017 թվականին վրացական սահմանից ոչ հեռու Ռիզե քաղաքում իր ելույթի ժամանակ հիշատակել է Օսմանյան կայսրությունը և հայտարարել․ «Մի՞թե կարելի է տարբերել Ռիզեն Բաթումիից»։ Բաթումիի հիշատակումը մեծ աղմուկ բարձրացրեց Վրաստանում։

Աջարիայում ներդրումների 90%-ը թուրքական են։ Քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկը, որը նախկինում եղել է հայկական, լի է թուրքական ռեստորաններով, բարերով և սրճարաններով։

Բաթումիի պետական համալսարանից անտրոպոլոգ Ռուսլան Բարամիձեն նշել է, որ հարցը միայն այն չէ, որ Աջարիայում Օսմանյան կայսրության երեք հարյուր տարվա տիրապետության ժամանակ տեղի  բնակչության մեծամասնությունը իսլամ է ընդունել։ 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որը սահմանում էր ԽՍՀՄ և Թուրքական Հանրապետության սահմանը, նախատեսում էր Աջարիայի ինքնավարություն Վրաստանի կազմում հենց Թուրքիայի պահանջով։

Տրամադրությունների փոփոխությունները Վրաստանում և Հայաստանում նյարդային են ընկալվում Բաքվում և Անկարայում։ «ՆԱՏՕ-ի ամրապնդումը Վրաստանում, Թուրքիայի ռազմաքաղաքական դիրքի ամրապնդումը տարածաշրջանում, պետական հեղաշրջումը, որը Ռուսաստանը կկատարի Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնեն տարածաշրջանի ապակայունացմանը։ Հետևաբար անհրաժեշտ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքել ռազմական դաշինքի մասին պայմանագիր ու պահանջել Հայաստանից բացել կոմունիկացիաները», հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Մուհամեդ Ասադուլլազադեն։