• Fri. Apr 23rd, 2021

Էլ ինչ քննարկումների պատմություն են կուտակել նախկին նախագահները

Տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը կլինի կարևորագույն հարցերից մեկը, որ պետք է քննարկենք և կայացնենք Հայաստանի շահից բխող որոշումներ՝ մարտի 30-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հայտարարությունը հուշում է, որ Հայաստանը այդ իմաստով գտնվում է իսկապես մոտալուտ որոշումների փուլում, կամ, համենայնդեպս, կան հարցեր, որոնցում պետք է ձևակերպվի կոնկրետ դիրքորոշում: Այդ իրավիճակի մասին է վկայում թերևս այն, որ անցնող երեք-չորս օրերի ընթացքում տեղի ունեցան նախ՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստ, որին մասնակցում էր նույնիսկ Հայաստանի վարչապետի գործունեության վերաբերյալ իր աղմկոտ գնահատականներով հայտնի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, և Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ էլ Նիկոլ Փաշինյանը փաստացի բավականին բաց տեքստով ներկայացրել է օրակարգի հրատապ հարցերի շրջանակը:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է և այն, որ Հայաստանի ու Արցախի ԱԽ համատեղ նիստի նախօրեին համատեղ հանդիպում էին ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները՝ տարածելով հայտարարություն, թե քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները: Ինչ ավելի կոնկրետ հարցեր են նրանք քննարկել՝ չէր հայտարարվել և չի հայտարարվել առ այսօր: Մինչդեռ դա է թերևս էականը, ու երևի թե դրանով պետք է նախկին նախագահները կարևոր դեր խաղային հանրային դիրքորոշումների և կողմնորոշումների հարցում: Այլապես ստեղծվում է տպավորություն, թե նրանք համատեղ հավաք էին անցկացրել այն թեմայով, թե ինչպես խուսափեն Հայաստանի առաջ հայտնված հարցերի ու մարտահրավերների համար իրենց պատասխանատվությունից:

Բանն այն է, որ նախկին նախագահները ամենից լավ գիտեն թերևս, որ Հայաստանի ու Արցախի գործնականում բոլոր մարտահրավերների հետագիծը հասնում է ոչ թե 2018 թվական, այլ սկսում է շատ ավելի խորքից՝ նվազագույնը 1998-ի փետրվարից կամ դրան նախորդած շրջանից: Այդ թվում գուցե թե նաև ռեգիոնալ հաղորդուղիների հետ կապված այն հարցերը, որոնք սեղանին են հայտնվել պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո: Բանն այն է, որ հաղորդուղիների վերաբերյալ քննարկումներ եղել են կարգավորման գործընթաց կոչվածի ամբողջ հետագծով, ինչը ընդունել են հենց իրենք՝ նախագահները: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, պատերազմից կարճ ժամանակ առաջ տված հարցազրույցում էր անդրադարձել Քի Վեսթի տարբերակում Մեղրիի ճանապարհի առկայությանն ու նշել, թե խոսքը եղել է ոչ թե Մեղրիի տարածքի փոխանակման մասին, այլ Մեղրիի տարածքով Ադրբեջանին տրվող սուվերեն ճանապարհի:

Էլ ինչ քննարկումների պատմություն են կուտակել նախկին նախագահները, ինչը հնարավոր է՝ ոչ միայն չի հասցրել հնանալ, այլև դարձել է արդիական՝ հավաքելով թե՛ Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդներին, թե՛ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներին: