• Fri. Apr 23rd, 2021

Էրդողանը՝ թյուրքալեզու պետությունների «գնացքով», Հայաստանում «հայրենասիրական» լռություն է

Մարտի 31-ին տեղի է ունենում Թյուրքալեզու պետությունների խորհրդի վեհաժողովը, որն անցնում է տեսաձևաչափով՝ համաճարակի պատճառով: Նախապես ծրագրվում էր, որ Վեհաժողովը պետք է տեղի ունենա Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքում: Սակայն, չնայած ձևաչափի փոփոխությանը, արդեն տևական ժամանակ է՝ ազդարարվել է, որ Վեհաժողովի ընթացքում սպասվում է հուշագրի ստորագրում, ըստ որի՝ Ղազախստանի Թուրքեստան քաղաքը կհայտարարվի Թյուրքալեզու աշխարհի հոգևոր կենտրոն:

Հիշեցնենք, որ Ղազախստանը Եվրասիական միության անդամ է: Ավելին, Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի ջանքով այդ երկրի մայրաքաղաք Աստանան՝ Նազարբաևի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Նուրսուլթանը, Եվրասիական միության քաղաքական կենտրոններից է: Ավելին, երբ 2011 թվականին Պուտինը «Իզվեստիա» թերթի հայտնի հոդվածով ազդարարեց ԵՏՄ գաղափարը՝ իր նախագահական վերադարձին ընդառաջ, նույն թերթում հոդվածով ներկայացավ Նազարբաևը և դրանում բաց տեքստով նշում էր, որ ԵՏՄ գաղափարը դեռևս 1991 թվականից բարձրաձայնել է ինքը, և ըստ այդմ՝ կառույցի կենտրոնն իրավամբ պետք է լինի Ղազախստանը:

Այդ նրբերանգները իհարկե կարևոր են հասկանալու համար Եվրասիական միություն կոչվող կառույցի, այսպես ասած, քաղաքական հոգեբանության ասպեկտները: Ի վերջո, հազիվ թե մոռացվի այն, ինչ 2014 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցավ Աստանայում, երբ Սերժ Սարգսյանի քար լռության պայմաններում Նազարբաևը ընթերցում էր Ալիևի նամակը, որով Բաքվի ղեկավարը կոչ էր անում չշտապել Հայաստանին ընդունելու հարցում: Եվ չշտապեցին:

Միաժամանակ հիշենք, թե Ղազախստանի նախագահը ինչպես էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հորդորել Եվրասիական միության վարչապետների հավաքը, որ տեղի էր ունենալու ապրիլի 7-ին, Հայաստանից տեղափոխել, որպեսզի Ալիևը չհասկանա սխալ: Եվ դարձյալ տեղափոխեցին՝ Երևանի քար լռության ներքո:

Այդպիսով, ահա այդ Ղազախստանը այժմ փաստորեն դառնում է թյուրքալեզու պետությունների հոգևոր կենտրոն՝ իհարկե քաղաքական շատ հստակ համատեքստում: Իսկ ի՞նչ է Թյուրքալեզու աշխարհը կամ խորհուրդը: Դա Թուրքիայի գաղափարն է, որ այդ կառույցում միավորել է Ղազախստանին, Ադրբեջանին, Ուզբեկստանին, Ղրղըզստանին, Թուրքմենստանին:

Բացի այդ, մարտի 31-ի տեսավեհաժողովին մասնակցում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Դա այն Օրբանն է, որի քաղաքական որոշումով մարդասպան Սաֆարովը 2012 թվականին արտահանձնվեց Բաքվին՝ այնտեղ դասվելով Ադրբեջանի հերոսների շարքին:

Այդպիսով, մարտի 31-ին փաստացի քայլ է կատարվում դեպի եվրասիա-թյուրքական միություն: Դա ակնառու է, եթե հիշենք նաև, որ ԵՏՄ անդամ է ոչ միայն Ղազախստանը, այլև Ղրղըզստանը: Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ հանգամանքին վերաբերվում կամ վերաբերվելու Հայաստանում այսօր ամբողջ ձայնով դրսևորվող այն ուժերը, որոնք ներկայումս զբաղված են քաղաքական բովանդակությունը «թուրք» կամ «դավաճան» հռետորաբանության մակարդակի հասցնելով:

Թուրքիան կենտրոնասիական ռեգիոնով, Ղազախստանով մտնում է եվրասիական տարածություն՝ իր հետևից քարշ տալով թյուրքալեզու պետությունների «գնացքը»: Հայաստանում «հայրենասիրական» լռություն է: