• Fri. Apr 23rd, 2021

Շուշիում «տեղահանվածներին վերադարձնելու հարցում» Ալիևին օգնելու մասին Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե սեպտեմբերին մտադիր է Ալիևի հետ այցելել Շուշի: Էրդողանի հայտարարության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, թե «վերադարձրած» տարածքները վերականգնելու համար իրենք պետք է աջակցեն իրենց եղբորը «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցում:

Էրդողանի հայտարարությունը հնչում է Շուշիում «Իսկանդերի» բեկորներ հայտնաբերելու մասին Ադրբեջանի ականազերծման գործակալության հայտարարության ֆոնին: Իսկ «Իսկանդերի» պատմությունը թարմ է թերևս բոլորի համար: Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հայտնի հայտարարությունից հետո նշեց, թե «Իսկանդեր» չի արձակվել: Ալիևն էլ հաստատեց, թե Ռուսաստանը ճիշտ է ասում: Մինչդեռ հիմա Ալիևի գործակալությունը փաստորեն ասում է հակառակը: Ի՞նչ է փոխվել: Որովհետև, եթե «Իսկանդերը» արձակվել է ու չի օգնել պահել Շուշին, դա կնշանակի, որ կա՛մ այն իսկապես անպետք է, կա՛մ Շուշիի հարցում Հայաստանի ու Արցախի դեմ գործել է նաև Ռուսաստանը: Ինչո՞ւ է Բաքուն այժմ, այսպես ասած, ստեղծում թեման բացելու նախադրյալներ, եթե շաբաթներ առաջ Ալիևը պնդում էր հակառակը:

Իրավիճակը առավել հետաքրքիր է դառնում այն տեղեկության ֆոնին, որ հայտնվել է համացանցում: Ըստ այդմ, Ադրբեջանի ցուցադրած բեկորների վրա սերիական համարը ոչ թե Հայաստանին մատակարարված, այլ Ռուսաստանի զինանոցում եղած «Իսկանդեր»-ինն է: Ինչպես հայտնի է, կան տարբեր մոդիֆիկացիաներ, և արտահանման ենթակա «Իսկանդերը» այլ է, որոշակի հատկանիշներով տարբեր, քան Ռուսաստանի զինանոցը համալրողը: Ըստ այդմ՝ կա վարկած, որ բեկորները Ադրբեջանին փոխանցել է Թուրքիան՝ Սիրիայից: ՌԴ սիրիական ռազմարշավի ընթացքում եղան տեղեկություններ, որ ռուսները «Իսլամական Պետության» ահաբեկիչներին թիրախավորել են նաև «Իսկանդեր»-ով: Եթե իրական է վարկածը, որ Թուրքիան Բաքվին տվել է «Իսկանդեր»-ի բեկորներ՝ դրանք, այսպես ասած, Շուշիի վրա կիրառելուն վերագրելու համար, ապա մենք գործ ունենք իսկապես լայն խաղի հետ, որ Ռուսաստանի դեմ սկսում է Թուրքիան, ոչ թե Ալիևը:

Եվ հենց այստեղ է նաև առավել ուշագրավ դառնում Շուշի այցելելու և «տեղահանվածներին վերադարձնելու հարցում» Ալիևին օգնելու մասին Էրդողանի հայտարարությունը: Փաստացի, Էրդողանն ակնարկում է, որ Շուշին «վերցնելու» է իր անմիջական «ենթակայության» տակ: Իսկ թե ինչ է հասկացվում կամ ակնարկում «տեղահանված ադրբեջանցիների» վերադարձ ասվածի տակ՝ գուցե կիմանա միայն «անձնական մեծ դերով» պատերազմ «կանգնեցրած» Պուտինը:

Այդ ամենի ֆոնին, սակայն, ուշադրության է արժանի մի բան՝ ԱՄՆ-ից ստացվող որոշակի ինսայդերական տեղեկություններն այն մասին, որ Բայդենի վարչակազմը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Ռուսաստանը Թուրքիայի համար դիտարկվում է զսպման գործիք՝ հատկապես Հայաստանի և սփյուռքի հայության որոշակի շրջանակների վրա ունեցած ազդեցությամբ: Արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ Բայդենի մտադրության մասին տեղեկությունների ֆոնին Էրդողանը Պուտինին ակնարկում է Շուշիի առնչությամբ իր մտադրությունների մասին՝ ռուս-թուրքական համաձայնությունների համատեքստում, որոնց առանցքային տողատակերից մեկը մշտապես եղել է հայկական հարցի և գործոնի չեզոքացումը: