• Fri. Apr 23rd, 2021

Պաստուխով. Ծակ փուչիկը Հայաստանի ձեռքին՝ «միացումից» ռուս-թուրքական բոստան

ezerk.am. «Թավշի» տապալում, ծրագրած պարտություն եւ Հայաստանը ռուս-թուրքական բոստան. սրանց պատճառները մատնանշող որոշ դիտարկումների անդրադարձանք նախորդ նյութով: Բարձրաձայն մտորումները պատկանում են ռուս հայտնի վերլուծաբան Վլադիմիր Պաստուխովին (Լոնդոն, UCL): Որքանով է կանխատեսելի ըստ նրա Ռուսաստանի ապագան: Ավելորդ է ասել, որ դիտարկումները ուղղակի կապված են Հայաստանի հետ

Պաստուխով. «Իմ տեսակետից, Ռուսաստանում հեղափոխությունը տեղի է ունենալու վաղ թե ուշ, այն անցնելու է բացառապես էլիտայի միջով: Այստեղ երկու պայման կա: Նախ՝ անհրաժեշտ է էլիտաների կոնսենսուս: Եւ երկրորդ, վերնախավի ներսում ինչ-որ մեկը պետք է «ձգան» հանդիսանա: Ես կարծում եմ, որ դա բանակը կամ քաղաքացիական ծառայությունները չեն, այլ ՖՍԲ-ն է: Ինչպես եւ Անդրոպովի օրոք այն կարող է դառնալ առավել անսպասելի փոփոխությունների ձգան»:

Մենք նշել ենք [Եզերք, 1], Յուրի Անդրոպովի հեղինակած՝ ԽՍՀՄ կառավարելի կազմաքանդման «Կաբան» ծրագրի եւ դրա մաս կազմող «Միացում» պլանի մասին: Ահա թե ինչպես է պատկերացնում ավելի ուշ «պերեստրոյկա» կոչված անդրոպովյան ծրագրի ընթացքը Պաստուխովը:

«Անդրոպովը, երբ հանգստանում էր Հյուսիսային Կովկասում, նկատեց մի երիտասարդ մարզկոմի քարտուղարի, որը լիովին կրթված էր ԽՄԿԿ XX համագումարի ոգով: Լինելով մյուսներից ավելի լավ տեղեկացված անձնավորություն, Անդրոպովը հրաշալի պատկերացնում էր այն փակուղին, ուր հասել էր ԽՍՀՄ-ը:

Նա ընտրեց երիտասարդ Գորբաչովին եւ նրա առջեւ դեպի իշխանություն տանող կարմիր գորգ փռեց՝ այնպիսի լոբբինգ ծավալեց, որ նույնիսկ իր վաղ մահը եւ Չեռնենկոյի հայտնվելը չկարողացան խանգարել Գորբաչովին գալ իշխանության: Սա առնվազն՝ ծրագիրը ավելի հեռահար էր: Եթե չլիներ Անդրոպովի լոբբինգը և աջակցությունը, Միխայիլ Սերգեևիչը երբեք չէր ստանա Ռուսաստանը ներկայիս տեսքի բերելու հնարավորությունը»:

Մեր կողմից կարող ենք միայն ավելացնել, որ առանց մոսկովյան ուղղորդման մնացած հայ էլիտան 1994-ից հետո անմիջապես մոռացավ Արցախը՝ Հայաստանին «Միացման» մասին եւ ընթացավ առավել հիմար ճանապարհով, որ միայն կարելի էր պատկերացնել: Պետք չէ, սակայն, կարծել, թե Ռուսաստանի պարագան այլ էր: Վլադիմիր Պուտինի օրոք, ըստ Պաստուխովի, մոտավորապես նույնը տեղի ունեցավ՝ իր ղեկավարած հսկա երկրի հետ:

Վլադիմիր Պաստուխով |

Բանախոսը շարունակում է. «Հիմա ես դիտում եմ պուտինական այս բավականին հավատարիմ վերնախավի վիճակը: Աստիճանաբար այնտեղ սարսափն է աճում, աճում է կատաղությունն ու սեփական անվտանգությունը գոնե որոշ իրավական նորմերով ապահովելու ցանկությունը: Ի՞նչ իմաստ ունի այստեղ, Ռուսաստանում ինչ-որ հարստություն դիզել, եթե դա կարող են ցանկացած պահի խլեն ձեզնից, անկախ դրա ազնիվ կամ անազնիվ ծագումից: Ահավասիկ՝ պրիմիտիվ վախը իբրեւ էլիտար կոնսենսուսի հիմք:

Հիմա «ձգանի» մասին. Ո՞վ է լավագույնս զգում էլիտաների վիճակն ու նյարդայնությունը: Դե պարզ է, նրանք, ովքեր ծառայողական «հերթապահություն» են իրականացնում էլիտայի կողքին»:

Այսպիսին է Վլադիմիր Պաստուխովի եզրակացությունը: Հերթի է կազմաքանդման նոր ծրագրի ծավալումը: Խնդիրը ժամանակի սղությունն է եւ միջազգային իրադրությունը, առաջին հերթին՝ Թուրքիան: Ներկայիս ընթացքով Հայաստանը կոչված է արյան գնով պատսպարել Կովկասից նահանջող Ռուսաստանին:

Կրեմլում ստրատեգիական պլանավորման տապալման եւ դրանից բխող նոր «Կաբանի» հեռանկարը, ինչպես նաեւ Իմպերիայի կախվածությունը իր նախկին ազգային արվարձաններից տեսանելի էր դեռեւս 2012-ին [Էխո, 2]: Այդտեղից տեսանելի էր նաեւ Սիրիա-Հայաստան կապը [Ռեգնում, 3], իր թե դրական, թե բացասական երանգներով: Դրականները պաշտոնական Երեւանում չնկատվեցին, իսկ բացասականները իրականացան առավելագույն աննպաստ սցենարով:

Կամազուրկ, գավառական մտայնությամբ հայկական «վերեւները» իրենց քթի տակ ծավալվող երեւույթների կողքից անհաղորդ ընթացան հանգեցրին մի աղետի, որի առավել վտանգավոր արարները դեռ առջեւում են: Վլադիմիր Պաստուխովի նկարագրած ռուսական պայթած փուչիկը ձեռքին հեռու չես գնա, ազգային դրոշ՝ ազգային շահի հստակ ձեւակերպված տեսլական է պետք: Պատմական լուզեր, «ձախորդ Փանոս» Ռուսաստան այդտեղ, բնականաբար, չի երեւում: