• Fri. Apr 23rd, 2021

Ռուսաստանը ու նրա բութ գործիք՝ Թուրքիան ու Բաքուն

ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման ազդակները մտահոգություն են առաջացրել Թուրքիայում, որը գործի է դրել իր բոլոր հնարավորությունները դա կանխելու համար: Հիմնական թեզն է. «նման մի ժամանակահատվածում, երբ Կովկասում նոր կարգ է հաստատվում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում (Քալին՝ Սալիվանին)»:

Կովկասում նոր կարգի հաստատումը ռուս-թուրքական համաձայնություններն են Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի, Արցախի համատեղ օկուպացիայի եւ ՀՀ տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելու ու օտարելու վերաբերյալ: Ակնհայտ է Ցեղասպանության ճանաչման հարցում Անկարայի եւ Մոսկվայի սերտ համագործակցությունը: Կոմունիկացիաների բացման հարցը սինքրոնացված է Բայդենի հավանական որոշման հետ: ՀՀ կառավարությունը պաշտպանում է օտարի շահերը, կոչեք դա դավաճանություն, թե չէ:

Բաքվի ղեկավար Ալիեւը Թյուրքական խորհրդի նիստում խոսել է պատմական հաղթանակի մասին՝ Զանգեզուրի հիշատակումով, նշելով որ «ադրբեջանական այդ պատմական տարածքը շուտով միավորելու է թյուրքական աշխարհը»: Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանին ու Թուրքիային միշտ հաջողվում է համաձայնության գալ ամենատարբեր հարցերում»: 2020-ի պատերազմն ու «համաձայնությունները» կասկածի տեղիք չեն թողնում նույնիսկ սուր ռուսապաշտության վարակակիրների մոտ:

1921 թ. պայմանագրերով Ռուսաստանն ու Թուրքիան ոչնչացրին Վիլսոնյան Հայաստանը, որը սպառնալիք էր դիտարկվում իրենց գոյության խնդրի առաջ կանգնած այդ երկրների համար: Ներկայում էլ նրանք կանգնած են գոյության խնդրի առաջ, ներքին ու արտաքին խորացող անորոշություններով: «Կովկասում նոր կարգի հաստատումով» Վիլսոնյան Հայաստանի արդեն մնացորդի ոչնչացումը բխում է դրանից:

Հայաստանում հիմա արդեն ոչ ոք Ռուսաստանի փրկչական դերի մասին չի խոսում, եւ դա կարելի է վերապահումներով առաջընթաց համարել քաղաքական ընդհանուր մտածողության ձեւավորման ճանապարհին: Փորձ է արվում իմաստավորել Հայաստանի հարցում Ռուսաստան-Թուրքիա պատմական-քաղաքական-քաղաքակրթական հարաբերությունները: Առայժմ, Ռուսաստանի հանդեպ «թշնամի» որակումը «պրագմատիզմի» հիմնավորումներով չօգտագործելու միտում է նկատվում:

Սակայն դա էլ կհաղթահարվի, պարզապես հարց է՝ ինչ գնով, եւ որքան կտեւի դա: Ակնհայտ է, որ ծավալվում է Հայաստանի կովկասյան մնացորդի ոչնչացման վերջին արարը: Սպասենք, որ կեղծ «պրագմատիզմը» կվերանա երկրի եւ ժողովրդի հօդս ցնդելուն զուգընթա՞ց:

Ռուսաստանը ու նրա բութ գործիք՝ Թուրքիան ու Բաքուն, ոչինչ են առանձին-առանձին եւ առանց հայկական կյանքերի. նրանք Կովկասում նոր կարգի հաստատման իրենց «հակաարեւմտյան պայքարում» պետք է մնան միայնակ եւ ավելին՝ իրար դեմ:

Ոչ մի հայ այլեւս չպիտի զոհվի դրանց պայքարում: Մենք պետք է լինենք, եւ մեզ պետք է ազգային շահի հստակ ձեւակերպված տեսլական: Պոչները Մոսկվայի ոտքի տակ երեւանյան քաղաքական խեղկատակների մասին չէ խոսքը, որոնք այսօր զբաղված են կարնավալային ցուցակներ կազմելով: Ոչ ոք չի մոռացվելու: Ժողովուրդն է որոշելու իր լինելության հարցը: