• Thu. Apr 22nd, 2021

Թուրքիայի հետաքրքրությունները Ուկրաինայի և Վրաստանի ուղղությամբ

Հայաստանի և Արցախի շուրջ խնդիրների համախումբը և հետպատերազմյան օրակարգի բարդությունը այնպիսին են, որ հայկական հանրության համար քիչ ժամանակ է մնում աշխարհաքաղաքական իրողություններն ավելի լայն դիտարկելու համար: Մինչդեռ դրանցում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուղիղ իմաստով կարող են նշանակություն ունենալ Հայաստանի ու Արցախի համար, որքան էլ թվան բավականին հեռու:

Այդ առումով տագնապալի իրողություններ են ուկրաինական ուղղությամբ: Իրավիճակը լարվում է, և հռետորաբանության մեջ հաստատուն տեղ է զբաղեցնում պատերազմի հավանականության մասին խոսակցությունը: Ուկրաինան հայտնում է սահմանին ռուսական ռազմական ստորաբաժանումների և տեխնիկայի կուտակման մասին, տեղեկություն է տարածվում, որ Եվրոպայում ամերիկյան զորամիավորումները այդ առնչությամբ բերվել են մարտական ամենաբարձր պատրաստության ռեժիմի: Տեղի են ունենում սահմանային միջադեպեր, և ուկրաինական կողմը հայտնում է չորս զոհի մասին՝ Դոնբասում: Ռուսական կողմն իր հերթին հայտնում է, որ սադրանքների է գնում Ուկրաինան: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ իրավիճակի լարումն ու սադրանքները պարզապես կբերեն Ուկրաինայի փլուզման: Սա դիտվում է իբրև սպառնալիք: Լարվածության հարցը քննարկել են Մակրոնը, Պուտինն ու Մերկելը:

Այդ ամենի համատեքստում բաց է թերևս մի հարց՝ Թուրքիա: Բանն այն է, որ Թուրքիան դեռևս Արցախի պատերազմի շրջանից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ուկրաինական ուղղությամբ: Հենց Արցախի դեմ պատերազմի օրերին է Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել Անկարա, կնքվեց «Բայրաքթար»-ների մատակարարման, ընդհուպ համատեղ արտադրության համաձայնություն: Ավելին, տեղեկություն եղավ, որ ուկրաինացի ռազմական դիտորդները հետևել են Արցախի դեմ ռազմական գործողություններին Ադրբեջանից, ուր ժամանել էին դեռևս հուլիսին թուրք-ադրբեջանական զորավարժությունը դիտարկելու համար: Շաբաթներ առաջ Ուկրաինան սևծովյան ավազանում վարժանքների ընթացքում փորձարկել էր «Բայրաքթար»-ները:

Արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է խաղի մեջ մտնել ուկրաինական ուղղությամբ և այն ևս վերածել ռուս-թուրքական ձևաչափի, ինչպես Սիրիան, Լիբիան, Արցախը: Ռուսաստանը այդ փորձերի հանդեպ կարծես թե չունի որևէ հակախաղ և համակերպվում է դրանց՝ հաղթանակ ներկայացնելով այն, որ չի պայմանավորվել Արևմուտքի հետ, փորձելով քարոզչական դաշտում ռուս-թուրքական ձևաչափը ներկայացնել իբրև հաղթանակ արևմտյան ճնշումների դեմ: Էրդողանը հիանալի խաղում է Ռուսաստանի այդ «թուլությունների» վրա: Կա նաև վարկած, գնահատական, որ Պուտինը պարզապես փորձում է Նավալնու հարցի առիթով իր դեմ խստացվող արևմտյան ճնշմանը, մասնավորապես ԱՄՆ նոր վարչակազմի կոշտ մտադրություններին հակազդել Ուկրաինայում պատերազմի շանտաժով: Բոլոր դեպքերում չկա ուկրաինական առանձին ուղղություն:

Եթե դիտարկենք հետխորհրդային իրականությունը, ապա նկատելի է, որ ակնառու է ձևավորված լարվածության կորը՝ Արցախ, Վրաստան, Ուկրաինա, որտեղ իրավիճակի թեժացումը որոշակի պարբերականությամբ անում է, այսպես ասած, վեր ու վար՝ Ռուսաստանի հարավարևմտյան սահմանում ձևավորելով աշխարհաքաղաքական ապակայունության այդ կորը կամ փոխադարձ շանտաժի «բուֆերը»: