Հայաստանի Հանրապետությունը չունի ներքին քաղաքականություն: Այստեղ խոսքը այն մասին չէ, որ ներքին քաղաքական կյանքը վերածվել է անբովանդակ և ցածրաճաշակ թատրոնի:
Խոսքն այն մասին է, որ Հայաստանը չունի ներքին քաղաքականություն ինքնին, չի կարող ունենալ, որովհետև Հայաստանի քաղաքական տրամաչափը թույլ չի տալիս այդ առումով հասնել ինքնաբավության այնպիսի մակարդակի, երբ ներքին քաղաքականությունը զգալիորեն կարող է զանազանվել արտաքին գործոններից և բալանսավորվել փոխկապակցվածության, պատճառահետևանքային կապի, փոխազդեցության տեսանկյունից:
Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ահռելի է արտաքին միջավայրի, իրողությունների, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմաքաղաքական իրողությունների ազդեցությունը, և չնկատել դա նշանակում է լինել քաղաքականապես կույր կամ քաղաքականապես անմեղսունակ, ինչը հավասարապես վտանգավոր է հայկական պետականության ճակատագրի տեսանկյունից:
Առերևույթ տարօրինակ կամ տարակուսելի է հնչում, երբ որևէ կերպ Հայաստանի ներքին ռեֆորմացիայի խնդիրը շաղկապվում է արտաքին իրողությունների և մարտահրավերների հետ: Այդպիսի դեպքերում հնչում է հարցը, թե ինչ կապ ունի Ռուսաստանը կամ Ամերիկան, կամ որևէ այլ երկիր, եթե մենք մեր ներքին կյանքում չենք կարողանում իրականացնել այս կամ այն ծրագիրը, ռեֆորմները և այլն: Ընդ որում, հարցադրումները հնչում են տրամաբանական: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ներքին որակները ունեն աշխարհաքաղաքական նշանակություն արտաքին խաղացողների, մասնավորապես կովկասյան ռեգիոնում գործնականում բացառապես Հայաստանի հաշվին իր դիրքերը պահպանող Ռուսաստանի համար: Ըստ այդմ՝ Ռուսաստանի համար Հայաստանի ներքին համակեցության ռեժիմի փոփոխության խնդիրը դառնում է անվտանգային խնդիր, որովհետև այդ որակների փոփոխությունը արդյունավետ և բովանդակային հունով ընթանալու դեպքում կարող է նվազեցնել Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից: Դա էլ իր հերթին կնշանակի, որ Ռուսաստանի համար կառաջանա Կովկասում դիրքերի կորստի էական վտանգ:
Այստեղ առաջանում է բարդ փակուղի, գրեթե անելանելի վիճակ: Ըստ այդմ՝ այստեղ է հայաստանյան իրական քաղաքականության անելիքը, որովհետև այդտեղից դուրս որևէ լուրջ անելիքի մասին խոսակցությունը չի կարող ունենալ խորքային լրջություն՝ այնքանով, որքանով չի կարող խորքային լրջություն ունենալ որևէ խնդրի լուծման մասին խոսակցություն, եթե անտեսվում է խնդրի պատճառը, աղբյուրը: