Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե զրոյական էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի հայտարարության հանդեպ արձագանքը, թեև Քենթը խոսել էր Հայաստանի շահից բխող կարևոր խնդրի՝ Կովկասը ռուս-թուրք-իրանական եռանկյունով փակելու անթույլատրելիության մասին: Նա խոսել էր, որ ԱՄՆ համար ընդունելի չէ այսպես ասած 3+3 ձևաչափը:
Քենթը, իհարկե, հղում էր արել Վրաստանի դժգոհությանը, բայց ամբողջ հարցն այն է, որ հիշյալ ձևաչափի հանդեպ Վրաստանի մտահոգության հիմքը գործնականում նույնական է Հայաստանի համար մտահոգիչ հիմքերի կամ նախադրյալների հետ: Բանն այն է, որ Վրաստանի համար էլ խնդիր է ռուս-թուրքական ձևաչափը, ինչպես որ Հայաստանի համար: Ու այն, որ պատմական ու ընթացիկ իրադարձությունների բերումով Վրաստանը շատ ավելի քիչ է դարձել ռուս-թուրքական սակարկության առարկա և անգամ որոշակիորեն օգտվել է Հայաստանը սակարկության առարկա դարձնելու հանգամանքից, այդուհանդերձ, Թբիլիսիի համար չկա որևէ երաշխիք, որ ցանկացած պահի իրավիճակը չի շրջվի հակառակ կողմ, և Վրաստանը չի դառնա սակարկության գլխավոր առարկա: Հատկապես այժմ, երբ թվում է, որ Արցախի դեմ պատերազմով սակարկել են Հայաստանի ու Արցախի հարցում առավելագույնը՝ առնվազն այս շրջափուլի համար:
Խոսքն այն մասին է, որ ռեգիոնալ քննարկումների բացարձակ մերժումը ստեղծում է մյուս ծայրահեղությունը, այդպիսով երկու ծայրահեղությունների աքցանի մեջ վերցնելով քաղաքական գործընթացները, որոնք օբյեկտիվորեն պահանջում են բարդ մանևր: Ըստ այդմ, Հայաստանի շահն ու խնդիրը այդ համատեքստում պահանջում է բովանդակությամբ լցնել ծայրահեղությունների միջակայքը և ձևավորել այն ամրությունը, որը թույլ չի տա աքցանին աշխատել որևէ կողմից, կամ կնվազեցնի աքցանի ճնշումը:
Խոսքն այն մասին է, որ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է հասունանան ռեգիոնալ գործակցության այլընտրանքային սխեմաների մասին գաղափարներ, որոնք մի կողմից կներառեն նույն 3+3-ի հիմնական մասնակիցներին, մյուս կողմից կենթադրեն մասնակցային լայն շրջանակ՝ Մինսկի խմբի համանախագահության մյուս երկու ներկայացուցիչների աներկբա ներառումով: Այս խնդիրն, ըստ էության, պետք է նույնիսկ դառնա «տնային աշխատանք» նախընտրական շրջանի համար, հատկապես այն ուժերի համար, որոնք ունեն Հայաստանում իսկապես քաղաքական-գաղափարական գործնական այլընտրանք լինելու մտադրություն, ցանկություն ու հավակնություն: