• Fri. Apr 23rd, 2021

Մոսկվան նախընտրում է հակամարտությունը մինչեւ վերջ չլուծել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ICR Center-ում հոդված է հրապարակել, որը նման է ԵԱՀԿ Մինսկի խմբին հրաժեշտի։

«Անցած տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ձեւակերպել է Մադրիդյան սկզբունքները՝ ճանապարհային քարտեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար, որն ավարտվելու է հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ: Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ», – գրում է Հոգլանդը՝ չնշելով արդյոք Լավրովի պլանում կետ կար ինքնորոշման մասին:

«Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ արդյոք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Սա, առավել քան ցանկացած այլ բան, ինձ թույլ տվեց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր», – գրում է Հոգլանդը:

Ամերիկացի դիվանագետն ասում է, որ Մոսկվան նախընտրում է հակամարտությունը մինչեւ վերջ չլուծել, որովհետեւ լուծումը թույլ կտա յուրաքանչյուր երկրին իրեն բավական ազատ զգալ եւ այլ գործընկերների փնտրել: Վրաստանի դեպքում դա կլինեն ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը: Բայց Մոսկվան պարտավոր է եւ վճռական է կանխելու դա, որպեսզի պահպանի այսպես կոչված «հատուկ ազդեցության ոլորտը», – ասում է Հոգլանդը։

Հավանաբար, ելնելով «Ռուսաստանի երաշխիքների» որակից, նա անձամբ եզրակացության է եկել, որ «միայն պատերազմը վերջնականապես կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։

Խոսելով 2020 թվականի պատերազմի մասին՝ Հոգլանդը նշել է, որ Մոսկվան հայտնվեց ավելի լավ վիճակում, քան ցանկացած այլ առաջատար տերություն կամ բազմակողմ կազմակերպություն, որ ղարաբաղյան հակամարտությունը հասցնի լիակատար եւ վերջնական լուծման։ «Դրա փոխարեն նա կանգնեցրեց պատերազմը, բայց ինչը շատ կարեւոր է, հիմա նա խաղաղապահ զորքեր ունի Ադրբեջանում, ինչը նշանակում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների կողմից անկախության ձեռքբերումից հետո առաջին անգամ Մոսկվան տարբեր տեսակի զորքեր ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, որն էլ ավելի է ամրապնդում Ռուսաստանի «ազդեցության հատուկ գոտին»։

Ամերիկացի դիվանագետը կարծում է, որ Մինսկի խումբը կարող է վերանայել իր դերը եւ հաստատված մանդատին ավելացնել վերականգնման հնարավորությունը։

Այս դիրքորոշումը Հոգլանդի՞ անձնական համոզմունքն է, թե՞ նրա շուրթերով հնչեցվում է Վաշինգտոնի հրաժարումը Մինսկի խմբում ակտիվ մասնակցությունից։ ԱՄՆ-ում կարծու՞մ են, որ Ռուսաստանը վերջնականապես լուծել է հակամարտությունը, եւ ԱՄՆ-ն անելիք չունի Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության գոտում։ Թե՞ դեսպան Հոգլանդին «համոզել են» այդ հոդվածը հրապարակել, առավել եւս, ապրիլի 24-ի նախօրեին, երբ նախագահ Բայդենը կարող է արտասանել «ցեղասպանություն» բառը։