• Thu. Apr 22nd, 2021

Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կայացրել է ներքաղաքական գործընթացների մասնակցության որոշում

Ամենայն Հայոց կաթողիկոսի այսօրվա զատկական քարոզից պարզ է դառնում, որ եկեղեցին շարունակում է մտահոգ մնալ մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Կարելի է վստահաբար պնդել, որ երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Հայ եկեղեցու դիրքորոշումը չի փոխվել։

Այս տարեսկզբին՝ Սուրբ ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը վկայեց, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կայացրել է ներքաղաքական գործընթացների մասնակցության որոշում, իհարկե ամենևին ոչ ուղիղ մասնակցությամբ՝ ինչպես կուսակցությունները, բայց բավականին նկատելի: Համենայնդեպս, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրինակ, խոսում է ներքին սխալների և բաց թողնված հանգամանքների մասին, որոնք բերել են պարտության, դա արդեն քաղաքականություն է, որովհետև այդ ամենի մասին խոսելու համար կա՛մ պետք է քաղաքական դիրքավորում, կա՛մ մասնագիտական քննություն: Այլապես ով գիտե, թե որն է եղել պատերազմի և պարտության հանգեցրած սխալը, երբ է եղել այն, որտեղ և այլն: Ընդ որում, եթե անգամ Վեհափառը այդ սխալները տարածում է ամբողջ հետանկախական շրջանի վրա, միևնույն է, դա նույնպես քաղաքականություն է, որովհետև մինչ այդ Վեհափառն ու ՀԱԵ ղեկավարությունը լռել են այդ շրջանում: Դա նշանակո՞ւմ է, որ պետք է լռեն նաև այժմ: Բոլորովին:

Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում: Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զատ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի կառավարությանը: Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է Հայ առաքելական եկեղեցին հանրության հետ իր երկխոսությամբ: Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է ՀԱԵ հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:

Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ: Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե հարաբերական արդյունավետությամբ, աչքի են ընկնում ՀԱԵ-ն թիրախավորող խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա ՀԱԵ հանդեպ նկրտումներում որևէ շանս:

Հայ Առաքելական եկեղեցու մտահոգության և հոգատարության կարիքն ունի Հայաստանի քաղաքացին: Հայ Առաքելական եկեղեցու բարոյական աջակցության կարիքն ունի Հայաստանի քաղաքացին: Մեր եկեղեցու, իր եկեղեցու մտահոգության և հոգատարության սպասման մեջ է Հայաստանի քաղաքացին, և այդ պարագայում առավել քան զարմանալի է, որ բարդ քաղաքական իրավիճակով մտահոգ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը անուշադրության է մատնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, ինչին ենթարկվում է Հայաստանի քաղաքացին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հոտի անդամը կամ պարզապես՝ հայ մարդը:

Եկեղեցին անելիք ունի, և այդ անելիքը պետք է համապատասխանեցնի հասարակության առնելիքին: Իսկ այժմ կարծես լրիվ հակառակն է, և Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ոչ թե երևույթ, արժեք, այլ որպես ներկայումս գործող ինստիտուտ, հասարակության անելիքն է ուզում համապատասխան տեսնել իր առնելիքին: Հայաստանը ներկայումս հիրավի պատմական, շրջադարձային պահ է ապրում, և այդ շրջադարձի վրա իսկապես կարևոր ժամանակահատված է նաև եկեղեցու համար, այլապես պետությունն ու հասարակությունն անխուսափելիորեն առաջ են գնալու, և ցավալի ու ափսոսալի կլինի, որ եկեղեցին անդառնալիորեն ետ մնա և կտրվի: Ի վերջո՝ այն բավական հարուստ ազգային ժառանգություն է, արժեք, որն արդիական և ադեկվատ հունի մեջ լինելով՝ կարող է իսկապես զգալի ծառայություն մատուցել հանրությանն ու պետությանը:

Իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում Հայ Առաքելական եկեղեցու այն սպասավորները, որոնք անկեղծ ու ազնիվ նվիրումով ծառայության են մտել եկեղեցում՝ հավատալով, որ այն ասկետության, բարեպաշտության ու համեստության մի տաճար է: Ինչպե՞ս են նրանք վերաբերվում իրենց եկեղեցապետերի շքեղություններին, երբ, օրինակ, դրանք համեմատում են այն գործնական անելիքների անհրաժեշտության հետ, որ ունի Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգի հոգևոր կյանքի կարևորագույն պատասխանատվություն կրող ինստիտուտ:

Հայաստանի հասարակությունը ունի բարոյական հեղափոխության կարիք, և այդ հարցում եկեղեցին պետք է լիներ առաջամարտիկներից մեկը: Սակայն այսօր նաև ակնհայտ է, որ եկեղեցին ինքն ունի բարոյական սկզբունքների և չափանիշների հեղափոխական վերանայման անհրաժեշտություն:

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար դասը պետք է լրջորեն շահագրգռված լինի եկեղեցու հեղինակության բարձրացմամբ: Հայաստանի հոգևոր-եկեղեցական կյանքի անկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային փոփոխություններն էապես սկսել են առնչվել նաև կրոնական համայնքներին ու կառույցներին: