• Fri. Apr 23rd, 2021

Մոսկվան միաժամանակ Բաքվի եւ Երեւանի թիրախ. Մեղրիի խնդիրը

ezerk.am․ Բաքվի ականազերծման գործակալությունը (ANAMA) մայրաքաղաքում ցուցադրում է մարտի 15-ին իր խոսքերով Շուշիում հայտնաբերված երկու Իսկանդեր հրթիռների ստաբիլիզատորներ եւ շարժիչի որոշ մասեր։ Իրադրությունը շիկանում է «միջանցքների» շուրջ․

ANAMA-ն այսպիսով բորբոքում է ռուսական սպառազինության շուրջ սկանդալը, որ սկսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում Իսկանդերի կիրառման ու 10 տոկոսով պայթելու հայտարարությամբ: Ռուսաստանյան կոշտ արձագանքների տարափից հետո ՌԴ ՊՆ-ն ստիպված էր հայտարարել, թե արցախյան թատերաբեմում Իսկանդեր առհասարակ չի կիրառվել: Ալիեւը ինչ-ինչ պայմաններով Մոսկվային ընդառաջեց եւ հաստատեց, թե «Իսկանդերի որեւէ մեկնարկ երկրի ՀՕՊ-ը չի արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանի «մեղայականից» հետո Կրեմլը Իսկանդերի դիպվածը թյուրիմացության արդյունք համարեց: Մինչդեռ հայերը հիմա մնացել են շվարած. եթե բեկորները իրոք Շուշիից են, այլ ոչ, ենթադրենք, Սիրիայից, ապա ստացվում է, որ Մոսկվան Հայաստանին բարձրտեխնոլոգիական զենքի սահմանափակ քանակությամբ միավորներ, այդ թվում հրթիռներ, ավիացիա եւ ՀՕՊ է մատակարարել դրանց Ռուսաստանից կառավարելու պայմանով: Կարող են թռչել, կարող են չթռչել, կամ թռչել ու պայթել միայն 10 տոկոսով, կարող են մեկ որսալ ԱԹՍ, մեկ չորսալ:

Բացի այդ, հայկական հարյուրավոր տանկերի անձնակազմեր առհասարակ զուրկ էին հրետանու եւ ԱԹՍ-ների կրակը ճնշող արդիական ինտեգրված դինամիկ համակարգերից եւ գրեթե 100% խոցելիության դերում էին հայտնվել: Հենց այս խայտառակության ականատեսն էր մարտնչող Արցախը: Սա սկանդալի հայկական կողմն է միայն: Կա եւ կասպից-թուրքական կողմը:

Իսկանդեր-Է կամ -Մ ենթադրյալ բեկորների ցուցադրությունը Բաքվում | ազերթաջ

Բաքուն ինչու՞ Նիկոլից ընդունեց զենքի սկանդալի էստաֆետը

ANAMA-ի «ցուցահանդեսը» տեղի է ունենում Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվելու է «հաղորդակցությունների բացման ընթացքը»: Բաքուն ասում է ռուսներին. պայմանավորվածության համաձայն լուծեք Հայաստանի հարցերը, այլապես Իսկանդերի շուրջ սկանդալը նոր թափ է ստանալու եւ կդառնա ռուսական զորքերի դուրսբերման հրաշալի առիթ: Ակնարկը եռակի է: Նախ #102 ռուսական ռազմակայանից Իսկանդերների մեկնարկի վարկածը: Սա Բաքվի դեմ թշնամական գործողություն է, բացի այդ էքսպորտային «Իսկանդեր-Է» համակարգերի՝ միջազգային պայմանագրերով սահմանված հեռահարության գերազանցում: Եթե գլխիկները կասետային էին, ապա եւս մեկ միջազգային էքսպորտային խախտում: Կա եւ Ռուսաստանից արձակումների վարկածը:

Հիմա Բաքուն ճնշում է Մոսկվային, հիանալի պատկերացնելով, որ «Նիկոլ կամ Ռոբերտ» ռուսական սխեմայի մեջ ինքնիրեն դրած Երեւանը ստիպված է լինելու զիջել Մոսկվային բոլոր, առաջին հերթին՝ Մեղրու օտարման հարցով: Հայաստանին թշնամացած Մոսկվան Բաքվին դիմադրելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն: Լավրովյան պլան, այսինքն կառավարելի պատերազմ եւ ծրագրավորված պարտություն՝ զորքերի տեղակայման եւ Արցախի ստատուսի ոչնչացման դիմաց իրականացնելը հանաք բան չէ: Մեր նահատակներին հիշելիս, չմոռանանք նաեւ, որ Բաքուն կոպիտ հաշվարկներով ավելի քան 20.000 զոհ է տվել:

Հիմա Երեւանը զիջում է Բաքվին հրադադարին հետեւող պայքարում: Պաշտոնական Բաքվի եւ Երեւանի սկզբունքային տարբերությունն այն է, սա արձանագրում ենք ցավով, որ առաջինը առաջնորդվում է հստակ ձեւակերպած ազգային շահի տեսլականով, իսկ երկրորդը դավանում օտարին ծառայելու արյունոտ հավատամքին: Դրա համար մեծ խելք պետք չէ, կարելի է յոլա գնալ, օրինակ, փուչ ԱԺ-ով կամ փուչ ԱԱԽ-ով, կամ իշխանական ուրիշ փուչիկներ փչել՝ ժողովուրդը կվճարի իր զավակներով: Արդյո՞ք նորից է վճարելու: