• Thu. Apr 22nd, 2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է նկատվել Ղրիմի ափերի մոտ

ԱՄՆ հետախուզության աշխատակիցները շարունակում են հետևել Ղրիմում ստեղծված իրավիճակին: Երկուշաբթի օրը թերակղզու ափերի մոտ նկատվեց ամերիկյան ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ:

PlaneRadar մոնիտորինգի աղբյուրի համաձայն՝ Lockheed P-3C Orion-ը օդ է բարձրացել Կրետե կղզու Սուդա ավիաբազայից: Նրան նկատել են Ղրիմի ափերի մոտ ժամը 10:20-ին: Նա հետախուզական թռիչք է իրականացրել՝ հայտնում է «Նորությունները Ղրիմում» լրատվամիջոցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ է ուղարկել՝ օգնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Դա պայմանավորված է Դոնբասում տիրող իրավիճակով: Պնդում են, որ զորքերի և ռազմական տեխնիկայի մեծ խմբավորումներ են կենտրոնացել շփման գծի մոտ:

Համաշխարհային առաջատար խաղացողների ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ուղղությամբ, որտեղ նկատելիորեն աճում է լարվածությունն ու միջադեպերը ուկրաինական զինուժի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետության զորամիավորումների միջև:

Զուգահեռ, ռուսական կողմը և ի պատասխան դրա նաև ուկրաինացիները, կուտակում են զորքեր սահմանին: Ուկրաինական իրավիճակի լարումն, անկասկած, իրեն զգացնել է տալու աշխարհաքաղաքական այն ամբողջ կորի երկայնքով, որ առկա է Ռուսաստանի և Արևմուտքի միջև և նկատելիորեն անցնում է Ուկրաինայով, ըստ էության, մինչև Արցախ և, թերևս, շարունակվում միջինասիական ուղղությամբ: Այդ կորի երկայնքով առանձնահատուկ դեր է ստանձնում Թուրքիան, ինչին կանդրադառնանք առանձին հրապարակումով: Այժմ արձանագրեմ թերևս մեկ այլ «հակառակ էֆեկտ», որ ուկրաինական ճգնաժամի լարվածության աճը կարող է ունենալ կորի համար, այդ թվում՝ մասնավորապես արցախյան գոտու:

Բանն այն է, որ լարումը կենտրոնացրել է հիմնական բոլոր դերակատարների ուշադրությունը, այն գամված է Ուկրաինային: Իսկ դա ըստ էության այն է, ինչ, օրինակ, Ռուսաստանը և Թուրքիան ակնկալում են կամ ուզում Կովկասում: Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմից և դրա ռուսական միջնորդությամբ դադարից հետո տեղի է ունենում նոր ստատուս-քվոյի որոշակի բյուրեղացման գործընթաց, որը իրենով լինելու է բարդ և բազմաշերտ, ժամանակատար ու տևական մի գործընթաց, որում թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան, մի շարք ընդհանուր տակտիկա-ռազմավարական նկատառումների, և միաժամանակ, իհարկե, յուրաքանչյուրը մոտիվացիոն մի շարք առանձին, տարբեր մղումների բերումով փորձելու են ամրապնդել ռեգիոնալ հարցեր լուծողի իրենց գերիշխող, անգամ ռուս-թուրքական մոնոպոլ դերը:
Այդ տեսանկյունից, ուկրաինական ճգնաժամը, իհարկե ոչ բացարձակ և ամբողջապես, սակայն միջոց է ուժային այլ կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ ԱՄՆ ու Ֆրանսիային Կովկասից առժամանակ շեղելու համար, քանի որ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի համար ուկրաինական ուղղությունը մի շարք առումներով դիտվում է հիմնարար և կարևորագույն: Մինչ այդ, Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում թերևս կփորձեն հասնել իրենց ձևաչափի բյուրեղացման զգալի առաջընթացի: