ԱՄՆ-ը կճանաչի՞ հայերի Ցեղասպանությունն առաջիկա ապրիլի 24-ին ընդառաջ, թե՞ ոչ: Այդ հարցը սկսել է քննարկվել հաճախակի, այն բանից հետո, երբ Սպիտակ տան աղբյուրներին հղում անելով՝ հեղինակավոր մի քանի լրատվամիջոցներ տարածեցին տեղեկություն, որ Բայդենը մտադիր է ճանաչել Ցեղասպանությունը: Բայց ի՞նչ ասել է՝ ճանաչել Ցեղասպանությունը:
Այսպես թե այնպես, թիվ մեկ գերտերության պարագայում անգամ զուտ քաղաքական ճանաչումն իսկ կարևոր է, բայց մենք պետք է փորձենք ամբողջապես հասկանալ այդ կարևորությունը: Ինչի՞ համար ենք մենք կարևորում այդ հանգամանքը: Եթե ԱՄՆ ճանաչումը Թուրքիային մղելու է Հայաստանի հետ հարաբերության, ապա այն միանգամայն ողջունելի է, որովհետև վերջին հաշվով մենք պետք է լինենք իրատես: Մեծ և առավել ևս տարածքային փոխհատուցումների հեռանկարը չափազանց մշուշոտ է՝ մի շարք հանգամանքներից ելնելով: Այսօր Թուրքիան երեկ պարտված Գերմանիան չէ, որը ենթակա լինի հաղթող տերությունների պայմանավորվածություններին և վճիռներին: Ըստ այդմ՝ պետք չէ ընկնել պատրանքների գիրկը և, Ցեղասպանության ճանաչումը իհարկե դիտարկելով նաև փոխհատուցման հարցեր բարձրացնելու հնարավորություն, այդուհանդերձ՝ առաջնային առումով, պրագմատիկ տեսանկյունից պետք է դիտարկել Թուրքիայի՝ այսօրվա ագրեսիվ Թուրքիայի զսպման կարևոր լծակ, որևէ նոր ագրեսիայի կանխման կարևոր լծակ կամ հնարավորություն:
Այդպիսով, Ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի համար կարող է լինել բազմիմաստ գործիք: