• Fri. Apr 23rd, 2021

Ինչպես դուրս գալ երկու ծայրահեղությունների աքցանից

Հայկական համացանցում թափ է հավաքել ֆլեշմոբը կամ դիսկուրսը՝ կապված Թուրքիայի թշնամի լինելու իրողության հետ: Պետք է նկատել, որ այդ ֆլեշմոբը կամ դիսկուրսը խթանվում է՝ կամա թե ակամա: Խթանում են հայ-թուրքական հարաբերության կամ հաշտության վերաբերյալ իրենց հայտարարություններով, որոնք քաղաքական տեսանկյունից, մեղմ ասած, բավականին հում են, չխնամված, չմշակված, հաճախ նույնիսկ, թող ներվի ասել, չմտածված:

Իհարկե չենք կարող բացառել նաև միանգամայն մտածված և հաշվարկված տարբերակը՝ այն նպատակադրումով, որ հենց ծավալվի, այսպես ասած, դիսկուրսը: Բայց ծավալվում է ոչ թե դիսկուրս, այլ հերթական անգամ, ինչպես լինում է մեր հանրային կյանքում գրեթե միշտ, մի ծայրահեղությունը սնուցում է մյուս ծայրահեղությանը, և այդ երկու ծայրահեղություններն աքցանի պես սեղմում են պետական, հանրային, ազգային օրակարգի կարևոր հարցերը և այդ հարցերը ռացիոնալ ու օպտիմալ քննարկման տիրույթում պահելու կարողությունն ու բովանդակությունը:

Նույնն այժմ տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերության թեմայի առնչությամբ: Երկու ծայրահեղություն, ծայրահեղացման միտում, որի ներքո են մնում Հայաստանի և հայության համար առանցքային հարցեր՝ կապված ռեգիոնալ անվտանգային համակարգի, եղած ձևաչափերի, Թուրքիայի հետ հարաբերության հեռանկարի և այլնի հետ:

Այն, որ Թուրքիան Հայաստանը դիտարկում է թշնամի և անգամ ագրեսոր է Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ կասկածի ենթակա չէ: Բնականաբար, դա էլ առաջ է բերում համարժեք արձագանք Հայաստանում՝ հատկապես Ցեղասպանության հարցի լրջագույն հանգամանքի և դրա հանդեպ Թուրքիայի ժխտողական քաղաքականության պայմաններում: Բայց, այդ ամենով հանդերձ, մենք ունենք իրողություններ, որոնք պահանջում են զգայականությունից առավելագույնս հեռու, սառը դիտարկում ու հաշվարկ: Երբ զգայական տիրույթում են շարքային քաղաքացիները, դա միանգամայն հասկանալի է, սակայն հասարակական-քաղաքական էլիտան չունի զգայականությունը ռացիոնալ դիտարկումներից վեր դասելու իրավունք: Թուրքիան Կովկասում է, էապես առաջացել է և այստեղ որոշելու է հարցեր՝ ուզենք մենք, թե ոչ:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ձևաչափով է Թուրքիան որոշելու այդ հարցերը, ովքե՞ր են լինելու որոշում կայացնողների շարքում: Ակնառու է, որ այստեղ երկրորդը Ռուսաստանն է, ինչպես ակնառու է, որ Ռուսաստանն էլ փորձում է գալ Թուրքիայի հետ հարցեր լուծելու ձևաչափի և դրա ամրացման: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն այստեղ ունի մի խոչընդոտ՝ դա հայ-ռուսական բարեկամության ու դաշնակցության հանգամանքն է, որը Մոսկվային կաշկանդում է Թուրքիայի հետ հարաբերությունում, Թուրքիայի հետ ավելի բաց ու ազատ շփումներում: Դա էլ առաջացնում է խնդիրներ ռեգիոնալ գործակցության և պայմանավորվածությունների, ռեգիոնը բաժանելու ռուս-թուրքական ձևաչափի պահպանման և ամրապնդման հարցում: Հայաստանի գործոնը ՌԴ-ի համար բարդ է, և բարդ է այստեղ պատասխանատվությունը մշտապես կամ պարբերաբար Հայաստանի իշխանության «հակառուսականության» վրա դնելը:

Ըստ այդմ՝ իրավիճակը առկա հարաբերակցության պայմաններում առավել կառավարելի և հաստատուն դարձնելը հայկական սուբյեկտությունը թուրքական սպառնալիքով խեղդելն ու լռեցնելն է: Մի բան, ինչ արվել է ավելի քան մեկ դար և թերևս արվում է նաև այժմ՝ «հայերը դժգոհում են Ռուսաստանի թուրքական խաղերից, բայց թուրքական սպառնալիքից ելնելով ստիպված են միակ հույսը տեսնել Ռուսաստանը»: Ահա այն տրամաբանությունն ու մեխանիկան, որով հայ հանրությունը, հայկական պետականությունն ու միտքը պարփակվել են ռեգիոնալ ծուղակում՝ զրկելով ըստ էության սուբյեկտային ճկունությունից:

Ինչպես դուրս գալ երկու ծայրահեղությունների աքցանից: Սա հայկական պետականության, հայկական պետական որևէ էլիտայի գերխնդիրներից ու առաքելություններից մեկն է: Ըստ այդմ՝ ծայրահեղություններից անդին, ով ինչ մտավոր արդյունքի է ունակ այդ հարցում առաջիկա նախընտրական գործընթացում, թեկուզ որպես սկիզբ, մեկնարկ, քանի որ ամբողջական լուծումը չափազանց բարդ և տարիների գործընթաց է՝ պայմանավորված բազմաթիվ նուրբ գործոններով: