• Fri. Apr 23rd, 2021

Կեղծ բարեպաշտությունը արդարադատության վերջին տապանաքար

Թվում էր, թե պատերազմի արդյունքում մեր հայրենիքին ու ժողովրդին պատուհասած ավերը մեզ մոտեցրել է մի սահմանագծի, որից անդին մեզ համար, որպես հասարակության, առաջնային պետք է դառնար նախկին բոլոր արատավոր, կործանարար երևույթների ի սպառ մերժումը:

Չէ, չենք սթափվում, չենք խրատվում… Ամեն բան շարունակվում է… ու շարունակվում է բարոյալքվածության և ամենաթողության, անպատժելիության և բարձիթողության սարսափեցնող տրամաբանությամբ: Հասել ենք բարոյազրկման այնպիսի մակարդակի, որ երկու տարի առաջ ընտանիքիս ապրելու իրավունքը և ապագայի նկատմամբ հավատը խլած «դոդահրեշավոր դուրսպրծուկը» մարսելով Ջիվուլիս անմեղ արյունը` այսօր, իբրև մի ասպետ, դարձել է մամուլի գլխագիրների հերոսը: Գիտեք ինչի՞ հաշվին: Դե, որովհետև ռուսի ասած` «Папа за базар отвечает»:

Մինչդեռ ընտանիքս, ամենուր տեսնելով անկենդան դարձած հազարավոր որդեկորույս ընտանիքների, անհարմար զգալով, արցունքը խեղդած` իր վիշտը քողարկում է, «դոդահրեշավորները», առանց թուքը կուլ տալու, նոր PR ակցիա են մեկնարկել: Հանցավոր կլանը պատրաստվում է «դարի պսակադրությանը», ժողովրդին էլ ուզում է որպես անբարբաջ մի թամաշա կարգել: Ո՞վ է այդ «հանճարեղ փիառշիկը», որ «թեման ջրելու» համար խորհուրդ է տվել նախահարձակ լինել: Քանի օր է մամուլով մանր-մանր հող էին նախապատրաստում, հիմա էլ հասան իրենց հանցագործի պսակադրությունը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության լույսի ներքո բոլորին կերակրելուն: Դուրսպրծուկի քրեական գործի գինն արժեցավ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 100 միլիոն դրամ փոխանցելը:

Ասենք, ի՞նչ կարգի տկարամիտ պետք է լինես, որ տարիներով չհրաժարվես քո տկարամտությունը կոլեկտիվ տկարամտության վերածելու մոլուցքից: Այսի՞նքն մեր հերոս տղերքի ապագայի նկատմամբ հույսը, ընտանիքներ կազմելու հնարավորությունը ուղիղ համեմատական է քո հանցագործ դուրսպրծուկի երջանիկ ու անամպ ապագային: Նրանց ստեղծվելիք անարատ օջախները համարժե՞ք են ծնածդ հրեշի պիղծ դղյակին:

Պարոնայք, մեկ է չե’ք սրբագրելու ոճրագործին: Միայն ավելացնում եք ձեր հանցակիցների շրջանակը` ի դեմս գահավիժող պետական ինստիտուտների, որոնց ղեկավարները մարդասպանի քրեական գործով մտել են առուծախի մեջ: Այ կեղծ բարեպաշտության «ոչ կլասիկ» օրինակ, գոնե լռի’, գոնե էս դեպքում, մեր հերոս տղաների համար անելիքդ մի’ ծառայացրու հանցագործ դուրսպրծուկիդ սրբագրմանը, գոնե էս համազգային սգի պայմաններում ամոթ ունեցե’ք, զսպե’ք դհոլզուռնայի ձեր ախորժակը:

Չե’ք մարսելու… ու չեք մարսելու բոլորով` պետական մակարդակով գործարքի մեջ մտածներից, մինչև կոպեկի մեռած թերթոնները։

Նազիկ Հարությունյան; Facebook