• Fri. Apr 23rd, 2021

Որ կուսակցությունների գործունեությունը պետք է կասեցվի

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կքարոզեն ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի խախտում։

Ըստ հիմնավորման՝ այդ նորմերի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված, կասեցման հիմք կարող է լինել։ Առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ Քրեական օրենսգրքում, որով առաջարկում է մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության:

Ըստ նախագծի՝ ԱԱԾ-ն նշված դրույթների խախտմանն ուղղված քարոզչության հայտնաբերման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ կառավարությանը, եւ այդ հիմքով կուսակցության գործունեությունը կասեցվում է մինչեւ ԱԺ հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասաց, որ կուսակցությունների գործունեության վերջնական կասեցումը կարող է լինել միայն  Սահմանադրական դատարանի կողմից, Սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց գաղափարը ինքնին ընդունելի է, քանի որ բոլոր այն կուսակցությունները, որոնք  սահմանադրությանը դրույթների  դեմ են գործելու, բռնության, ատելության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքների, ինքնիշխանության դեմ ուղղված կոչեր են անելու, կոչ են անելու իշխանությունը բռնի կերպով զավթելու մասին, ապա դրանց գործունեությունը պետք է կասեցվի, իսկ նման կոչեր անողները ենթարկվեն քրեական պատասխանատվության.«Իրապես նման կոչերը, նման գործողությունները ուղղված են Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական,  իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության  սկզբունքներ դեմ և դրանք չպետք է ու չեն կարող պաշտպանված լինել  ժողովրդավարական պետությունում: Այդ կուսակցությունների գործունեությունը պետք է նախ կասեցվի, իսկ անձիք, որոնք նման կոչերով են հանդես գալիս, նրանց նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր: Ժողովրդավարությունը պետք է կարողանա  իրեն պաշտպանել, իրավական պետությունը պետք է կարողանա իրեն պաշտպանել: Ի վերջո ժողովրդավարական պետությունը պետք է կարողանա պաշտպանել իր անվտանգությունը: Եվ դա պարտականություն է, ոչ թե կամայականություն կամ լիազորություն: Դա  սահմանադրական պարտավորություն է»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ այսօրվա իրավիճակում առավել քան պահանջված է նման կարգավորումը:

Նրա խոսքով, եթե այսօր մենք ունենք բռնություն, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչեր անող կուսակցություններ, ապա դա նշանակում է, որ գործ ունենք ժողովրդավարական պետության անվտանգության հետ: Ժողովրդավարական պետության շահերից չի բխում , ժողովրդավարական պետության անվտանգության դեմ են ուղղված նման կոչերը, նման գործողություններ հրահրող քայլեր: «Նման մոտեցումները, նման գործողությունները չեն կարող պաշտպանված  լինել ժողովրդավարական պետությունում»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Կուսակցությունների մասին օրենքի վերջին փոփոխությունների  աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած և օրենքի  նախագծի վրա աշխատած Վարդինե Գրիգորյանի խոսքով Սահմանադրությամբ արդեն իսկ նորմ կա ամրագրված, որը նախատեսում է, որ սահմանադրական կարգի տապալման համար կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել:  Սահմանադրությունը նախատեսում է, որ այն կուսակցութունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի  տապալում, կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով՝ հակասահմնադրական են և ենթակա են  արգելման  սահմանադրական դատարանի որոշմամբ: Փաստացի սա այն միակ հիմքն է, որով կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել, սակայն խնդիրը կիրառման մեխանիզմների հետ է, երբ հստակություն չկա՝ կուսակցությունն է նման կոչ անում, թե  անձը, որը այդ կուսակցության մեջ է.«Դա իրականում շատ բարդ է, երբ պարզ չէ՝ հանցագործությունը պետք է վերագրել կոնկրետ մարդու, թե կուսակցությանը: Բայց այս պահին օրենսդրորեն թույլատրված միակի սահմանափակումն է: Նոր նախագիծը չեմ կարդցել, բայց որքանով  հասկանալի է, ավելացվում է ինչ որ մարմին՝ ԱԱԾ-ն, որը կարող է դիմել:  Երբ որ կուսակցությունների մասին օրենքը քննարկվում էր, մենք առաջարկում էինք, որ նախատեսվի դրույթ, ըստ որի ՄԻՊ-ը կարող է դիմել , բայց այդտեղ հարցն այն է, որ սահմանադրությամբ դա պետք է նախատեսվեր: Ներկայումս միայն իշխանության ճյուղերը կարող են դիմել այդ հարցով, որը շատ վիճելի է: Եթե այլ ոչ իշխանական մարմին չի կարող դիմել և վիճարկել կուսակցության գործունեության հարցը, դա միշտ կարող  մեկնաբանվել իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում: Երբ որ կուսակցության գաղափարախոսութունը հստակ հակասեր մարդու իրավունքներին  և ինչ-որ անկախ մարմին  ունենար հնարավորություն վիճարկելու այդ կուսակցության գործունեության հարցը, բնականաբար շատ ավելի լավ կլիներ: Լավ կլիներ, որ նման մեխանիզմ նախատեսվեր»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով պատգամավորի առաջարկածը ամբողջությամբ սահմանադրությունից  բխող է և դրանով փաստացի մեխանիզմներ են առաջարկվում  օրենքի կիրառման համար.«Հուսով եմ ավելի հստակ կձևակերպվի, քան 300.1  հոդվածն էր, որպեսզի իրականում չափելի և վիճելի չլինի: Օրենքը պետք է հստակ լինի, որպեսզի հնարավոր լինի ապացուցել կուսակցության  գործունեության հետ կապված ուղիղ առնչությունը, ոչ թե անհատների վարքը»,-ասաց Գրիգորյանը:

Վարդինե Գրիգորյանը նկատեց, որ այլ երկրներում կան հստակ ֆաշիստական գաղափարախոսությունը  արգելող օրենքներ  : Այսինքն հստակ է, որ բռնություն, ատելություն, մարդու իրավունքները խախտող կուսակցություններ չեպտք է գոյություն ունենան, քանի որ կուսակցությունները, ի վերջո, միավորելու  և քաղաքական ծրագիր տանելու համար են, ոչ թե տարանջատելու և հասարակությունը բևեռացնելու համար: «Բայց այս պահին մենք Հայաստանում ունենք կուսակցություն, որոնք նման գործունեություն են ծավալում և ունենք օրենք՝ Սահմանադրությունը, որը փաստացի   կարգավորում է սահմանադրական կարգի տապալումը, բայց նաև հստակ մեխանիզմներ չկան պացուցելու, որ դա կուսակցությունն է և ոչ թե անհատը: Հուսով եմ, որ  նոր օրենսդրական նախաձեռնության մեջ այդ հարցերի պատասխանները կան»,-եզրափակեց Վարդինե Գրիգորյանը: