• Fri. Apr 23rd, 2021

Ականապատ տարածքների քարտեզների Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը կեղծ է

Byhttp://Mitk.am

Apr 6, 2021

Ի պատասխան գերիների վերադարձի հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ:

Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն առ այն, որ հայկական կողմը չի տրամադրում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է. «Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։ «Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․  արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը»,- շեշտել է Աննա Նաղդալյանը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ  միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝  կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները»,- նշել է նա՝ հավելելով, որ դրանք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։