• Thu. Apr 22nd, 2021

Այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին հնարավոր կլինի խոսել ընտրություններից հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններրի անցկացմանը, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հնարավոր կլինի խոսել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո:

Ըստ վարչապետի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, և այդ հարցով քննարկումները շարունակվում են:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:

«Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ եւ լիովին հասկանում ենք նրա խնդիրները, կարիքները եւ ցանկությունները», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը:

«Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները առաջիկա տարիների համար»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ նա դարձավ վարչապետ, եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չէին վիճարկվել Սահմանադրական դատարանում:

«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից:  Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել ընտրությունների այնպիսի անցկացումը, որ դրանք վիճարկելու առիթ չլինի», – եզրափակել է Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: