• Fri. Apr 23rd, 2021

Երկուստեք հանձնվում են Ռուսաստանին, տեսանք, էլի, ինչպես աշխպատեց ռուսական զենքը

Հայաստանում Մոսկվայի սցենարով «նախընտրական» իրարանցումը նպատակ ունի ոչ միայն ցույց տալ, թե ով է տիկնիկավարը։ Գլխավոր նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում չկա այլընտրանք, որ «քաղաքական գործընթացի մասնակիցների» «արժանապատվության» միակ ցուցիչը Կրեմլին ծառայելն է։

Ռոբերտ Քոչարյանի՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցից հետո հայտնվեց Փաշինյանի  հարցազրույցը ռուսական գործակալությանը։

Հայաստանը  կենտրոնացած է ՌԴ հետ լայնածավալ և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ասել է Փաշինյանը, նշելով, որ Երևանը շահագրգռված է, որ «Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումը կատարվի նույն կոմպլեկտացիայով, որը նախատեսված է ՌԴ ԶՈՒ-ի համար»։ Նա հաստատել է СУ-30СМ-ի նոր խմբաքանակի ձեռքբերման մտադրությունը, սակայն հրթիռներով։

Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով «ռեւանշի» մասին հարցին, ասել է, որ բանակի ներկայիս վիճակում ռեւանշի մասին խոսք չի կարող լինել։ Նա նշել է, որ պետք է անցնել քաղաքական բանակցությունների:

Հայաստանի բնակիչների համար տարբերություն չկա, թե ով կգնի կործանիչները՝ հրթիռներով, կամ առանց դրանց։ Հայերը մեծ կորուստներ են կրել՝ մարդկային, տարածքային, նյութական, բարոյական, և այժմ Հայաստանը կարիք ունի ազգային պատվի վերականգման, ապագայի տեսլականի։

Մարդիկ տեսել են, թե ինչպես են աշխատում ռուսական զենքերը՝ հրթիռները, ինքնաթիռները, ՀՕՊ-ը, թե ինչպես է Ռուսաստանը կատարում իր դաշնակցային պարտականությունները։ Այդ ամենից հետո նույն զենքի նոր խմբաքանակ գնելու պատրաստակամությունը ցինիզմի գագաթնակետն է։

Եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի հանդեպ ագրեսիվ մտադրություններից, ապա Երևանը կարող է համաձայնվել բացել սահմանները, ասում է Փաշինյանը։ Այն միտքը, որ «եթե Ղարաբաղը հանձնվի, ապա սահմանները կբացվեն, և մենք կսկսենք լավ ապրել», նոր չէ։ Ռոբերտ Քոչարյանը այլ բլիթ է առաջարկում. «կարելի է բանակցություններ վարել Արցախի կորցրած որոշ տարածքների շուրջ, մասնավորապես տարածքների, որոնք նախկինում կազմում էին ԼՂԻՄ մասը»։ «Իսկ սահմանների բացման դեպքում Թուրքիան կփորձի Հայաստանի հետ անել այն, ինչ արեց Աջարիայում. տնտեսության և բիզնեսի մեջ ներկայության տեսանկյունից», ասում է Քոչարյանը։ Նրա խոսքով, «պատմականորեն Հայաստանի՝ դեպի Ռուսաստան ուղղվածությունը նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև ամերիկացիներին»։

Սա էլ երկրորդ «ազգային գաղափարն է»՝ լիովին հանձնվել Ռուսաստանին, ուրիշների ձեռքը չընկնելու համար։

Այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղը այդպես էլ չի դարձել Հայաստանի Հանրապետության մաս, Քոչարյանը պատասխանել է. «Փաստորեն, ստեղծվել էր ասիմետրիկ համադաշնության մոդել. նույն տարադրամ, նույն անձնագրեր։ Աակայն քաղաքական առումով դա ճիշտ չէր լինի»։ Փաշինյանը համաձայն է։

Ահա եւ ամբողջը՝ Ղարաբաղն ու Հայաստանը հանձնում ենք կա՛մ Թուրքիային, կա՛մ Ռուսաստանին։ Այս «երկընտրանքի» մեջ ինքնիշխանության, իրավունքների, սուբյեկտության համար տեղ չկա: Իսկ ու՞ր է ազգային, մարդկային, քաղաքական արժանապատվությունը։