• Fri. Apr 23rd, 2021

Խաղալու է ՌԴ շահերի պաշտպանի գերիշխող կամ նույնիսկ մոնոպոլ կարգավիճակի համար

Ռուսաստանցի հայտնի հարցազրուցավար Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության բացեց այն ձևաչափը, որով մտադիր է մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է կուսակցությունների դաշինքով՝ գլխավորելով այդ դաշինքը: Թե հատկապես ինչ կուսակցություններ կլինեն՝ ըստ էության նշանակություն չունի էլ: Այդ դաշինքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, և դրան ձայն են տալու կամ չեն տալու թերևս Ռոբերտ Քոչարյանի համար:

Ըստ այդմ՝ դաշինքի մնացյալ բաղկացուցիչները դառնում են թերևս ոչ էական՝ բացառությամբ գուցե ՀՅԴ-ի, որը անկախ այդ կուսակցության լիդերների վարքագծին տրվող գնահատականներից՝ այդուհանդերձ ունի որոշակիորեն գաղափարական ընտրազանգված: Այստեղ կարող է առաջանալ հարց՝ այդ ընտրազանգվածը կգնա՞ Ռոբերտ Քոչարյանի հետևից, եթե հաշվի առնենք այն, որ նախկինում գործնականում հենց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քաղաքականության հանդեպ լոյալության համար են դժգոհություն ունեցել ՀՅԴ լիդերներից:

Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հարցում, սակայն, առավել էական է թերևս այն, որ նա խաղալու է Ռուսաստանի շահերի պաշտպանի գերիշխող կամ նույնիսկ մոնոպոլ կարգավիճակի համար պայքարի տրամաբանությամբ: Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ էլ ամենևին չթաքցվող իր այդ հավակնությունը ձևակերպեց առավել ամբողջական: Նա լինելու է Հայաստանի արտահերթ ընտրության գործընթացում ռուսական աշխարհաքաղաքականության «դեսպանը»: Այդ դիրքավորումով Ռոբերտ Քոչարյանը կամա թե ակամա ստեղծելու է իրավիճակ, երբ այդ դաշտում չդիրքավորվող որևէ ուժ «ինքնըստինքյան» հայտնվելու է «հակառուսական» դաշտում կամ ստանալու է այդպիսի բնորոշում և պիտակ: Այդպիսով փակվելու է կամ, համենայնդեպս, զգալիորեն սահմանափակվելու է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային կարևոր հարցերի շուրջ քննարկումների դաշտը, որոնք պետք է լինեն Հայաստանի նախընտրական օրակարգի և ընդհանրապես Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր և առաջնահերթ հարցերի շարքում:

Խոշոր հաշվով, երկրորդ նախագահը այդ քաղաքական «գործառույթը» իրականացրեց իր հետնախագահական ամբողջ շրջանում, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում: Պետք է նկատել նաև, որ նա այդ գործառույթով կարծես թե մենակ չէ, և նրա հետ բավականին համահունչ է, նվազագույնը՝ հռետորաբանությամբ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Որտեղ և ինչ նախընտրական դիրքավորումով է լինելու Սերժ Սարգսյանը: