• Thu. Apr 22nd, 2021

Հայաստանի համար ենթադրում է հետևողական աշխատանք մի քանի ուղղությամբ

Երբ խոսք է գնում հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին, դրա առնչությամբ զգայական մոտեցումներից առավելագույնս զերծ լինելու և հարցը պրագմատիկ դաշտում դիտարկելու անհրաժեշտության մասին, այստեղ բնականաբար կա միանգամայն օբյեկտիվ և անհրաժեշտ դիտարկումը, այն է՝ այդ հարաբերությունը դադարեցրել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան:

Թուրքիան է փակել սահմանն ու դրել պահանջներ: Հետևաբար մենք չէ, որ հրաժարվում ենք այդ հարաբերությունից, այլ Թուրքիան: Եվ ամեն ինչ շատ հստակ է ու ճիշտ: Բայց հենց այստեղ է, որ առաջանում է մեզ համար բավականին բարդ, միաժամանակ լուծման համար անհրաժեշտություն զգացող հարցը:

Թուրքիան գործում է ուժի դիրքից և այդ դիրքում արձանագրում իր համար, որ իրեն պետք չէ Հայաստանի հետ հարաբերություն: Հայաստանի հետ կապված հարցերը նա լուծում է երրորդ երկրների, այդ իմաստով՝ գլխավորապես Ռուսաստանի հետ, ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանության շրջանակում: Այդ պայմանագիրն ըստ էության մի համաձայնություն է, որով Ռուսաստանը ըստ էության պարտավորվում է չեզոքացված պահել հայկական սուբյեկտությունը:
Քանի դեռ Ռուսաստանն ունի Թուրքիայի հանդեպ այդ պարտավորությունը և հավատարիմ է դրան, երբ ընդունում է, որ այդ պայմանագիրն է ռուս-թուրքական բարեկամական և դրացիական, գործընկերային հարաբերության առանցքը, անիմաստ է մտածել, թե Թուրքիան կարող է մտածել Հայաստանի հետ խոսելու մասին, եթե Հայաստանի հետ կապված հարցերում իր համար շատ արդյունավետ պայմանավորվում է Ռուսաստանի հետ:
Այդ մեխանիզմից դուրս գալը անհրաժեշտ է Հայաստանին, ու հետևաբար Հայաստանը պետք է կարողանա գտնել ճանապարհը, որով կստեղծվի իրավիճակ, երբ Թուրքիան անհրաժեշտ կհամարի Հայաստանի հետ խոսելը՝ տեսնելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարցում պայմանավորվելը այլևս չի ապահովում շահեկան դիրք և արդյունք:

Այդ խնդրի լուծումը Հայաստանի համար ենթադրում է հետևողական աշխատանք մի քանի ուղղությամբ՝ սկսած հայ-ռուսական հարաբերությունից մինչև այլ ուժային կենտրոնների հետ հարաբերության արդյունավետություն, որը թույլ կտա ստեղծել առավելագույնս բալանսավորված իրավիճակ, որի պարագայում Թուրքիայի համար ավելի ու ավելի բարդ կլինի հայկական հարցում «միջնորդավորված» պայմանավորվածությունների հասնելն ու առավել նպատակահարմար կդիտվի Հայաստանի հետ խոսակցության մասին լրջորեն մտածելը: