• Thu. Apr 22nd, 2021

Հնարավո՞ր է քաղաքական դաշտի ռուսամետ հատվածը գիտակցված է վարկաբեկում վարկաբեկված Ռուսաստանին

Հայաստանի ամենառուսամետ դեմքերից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, այսօրվա ասուլիսում լրագրողներին ավետել է, որ «ներկայիս իշխանությունները, եթե անգամ ցանկանան, որ Թուրքիայի ոտքը մտնի Հայաստան, դրան չեն կարող հասնել, քանի որ սահմանների պահպանությունը վերջնականապես հանձնել են Ռուսաստանին, որը որեւէ մեկին թույլ չի տա այստեղ թափանցել:

… Ռուսաստանի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունն է՛լ ավելի է մեծացել: Պատահական չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներն են կանգնած: … Ինչ վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակման ձեւակերպմանը, որն այսօր առաջարկվում է, դա մեր շահերից չի բխում, այլ միայն մեր թշնամիների շահերից», ըստ զլմ-ների՝ ասել է Արամ Գասպարիչը:

Ով է առաջարկել ապաշրջափակումը եւ հաղորդուղիների բացումը, ով է եռակողմ հայտարարության հեղինակը, ով է Թուրքիային թույլ տվել թափանցել Արցախ եւ օդից վերահսկել այդ աշխարհը ու ՀՀ կեսը, ինչ հարցում է «մեծացել Հայաստանի ռազմավարական նշանակությունը» Ռուսաստանի համար: Արամ Գասպարիչը շրջանցում է այս հարցերը կամ դիտմամբ, կամ դրանք կարեւոր չի համարում, թեեւ ենթադրվում է, որ որպես քաղաքական գործիչ, այն էլ ռուսամետ, պետք է որ հետեւեր Պուտինի, Լավրովի, Շոյգուի, ռուսաստանցի հնարավոր ու անհնար պաշտոնյաների, փորձագետների ու զլմների հայտարարություններին ու հրապարակումներին, որոնք տվել են այս հարցերի պատասխանները: Եվ իր ասուլիսում նման անհեթեթ պնդումներ չէր անի, ելնելով նախեւառաջ հրապարակային գործչի պատասխանատվությունից:

Արամ Սարգսյանից այս ծավալուն մեջբերումներն անում ենք որպես տիպական օրինակ, թե ինչ անհարմար իրավիճակում է հայտնվել քաղաքական դասի ռուսամետ հատվածը, որի մեկնաբանությունները Ռուսաստանի զլմ-խոստովանությունների եւ պաշտոնական հայտարարությունների ֆոնին այդ երկրի իշխանություններին փաստացի ներկայացնում են կամ ապուշի դերում, որը չի հասկանում ինչ է անում, կամ որպես հայ ազգի բացահայտ թշնամի: Սովորաբար այդպես է լինում, երբ փորձ է արվում գլխիվայր շրջել իրականությունը եւ մեկ ռուսասեր գլխում համատեղել անհամատեղելին: Գլուխը երկուս է դառնում ու դիմում ինքն իրեն:

Հնարավո՞ր է քաղաքական դաշտի ռուսամետ հատվածը գիտակցված է վարկաբեկում վարկաբեկված Ռուսաստանին, չներելով Մոսկվային իրենց հատկացրած «պահպանական» ամոթալի դերակատարությունը: Փաստը մնում է փաստ, որ այդ սեգմենտում քաղաքական շիզոֆրենիայի՝ օրգանական թե շինծու երեւույթը գնալով համատարած է դառնում: