• Fri. Apr 23rd, 2021

Պարզվել են տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ Վանաձոր քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերի 13-ին տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին ուղեվարձի շուրջ վիճաբանել է տվյալ տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիատավորությամբ ձեռքով հարվածել է նրա աչքին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ աչքի կոպերի արյունազեղումների, ձախ ակնագնդի սալջարդի՝ ուղեկցված հիֆեմայով, հեմոֆթալմով և ձախ աչքի տեսողության և ֆունկցիայի կորստի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: