• Fri. Apr 23rd, 2021

Ռուսաստանը չփորձի Իսկանդերի թեման փակել Հայաստանի հաշվին:

Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմում «Իսկանդեր»-ի «դերակատարման» թեման ստանում է նոր շրջադարձ: Ադրբեջանը, որ օրեր առաջ թարմացրեց հարցը և հայտարարեց, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդեր»-ի բեկորներ, ներկայացրել է դրանք և պարզվում է, որ այդ բեկորների վրա այն մակնիշն է, որը գտնվում է միայն ՌԴ զինանոցում:

«Իսկանդերը» ունի հատուկ մոդիֆիկացիա արտահանման համար՝ «Իսկանդեր Է»: Ադրբեջանի հրապարակած բեկորների մակնիշը վկայում է, որ խոսքը «Իսկանդեր Մ»-ի մասին է, որը կարող է լինել միայն ՌԴ զինանոցում: Հետևաբար, առաջանում է հարց՝ որտեղից Ադրբեջանին այդ բեկորները: Կամ Ռուսաստանը իրականում «Իսկանդեր Մ» էր մատակարարել Հայաստանին, այլ ոչ թե արտահանման համար ստեղծված «Իսկանդեր Է» մոդել, կամ Բաքվի հայտնաբերած մոդելները չունեն որևէ կապ հայկական կողմի հետ:

Այդ դեպքում, որտեղի՞ց Բաքվին այդ բեկորները, դրանք իսկապե՞ս Շուշիից են, թե՞ այլ տեղից, պարզապես Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին ինչ-որ բան ակնարկել, սակայն, այսպես ասած, հայկական կողմի ուղղությամբ թողնելով պատասխանատվությունը՝ Մոսկվայի հետ պայմանավորվելու համար: Երբ «Իսկանդեր»-ի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Մոսկվան պատասխանեց, որ չի եղել «Իսկանդեր»-ի արձակում: Ալիևը ևս հայտարարեց, թե Մոսկվան ճիշտ է՝ «Իսկանդեր»-ի արձակում իրենք չեն ֆիքսել: Այդ ինչպե՞ս հանկարծ պարզվեց, որ եղել է:

Ադրբեջանն իսկապես որոշակի «հանելուկ» է գցում դաշտ, թեև «հանելուկ» գուցե մեր՝ շարքային մահկանացուներիս համար, իսկ նրանք, ում Ադրբեջանը ինչ-որ բան է ակնարկում, անկասկած լավ գիտեն, թե ինչ է եղել և ինչպես: Ընդ որում, միջազգային լրատվական դաշտում արդեն իսկ հայտնվել է այսպես ասած ոչ պաշտոնական, ինսայդերական տեղեկություն, որ «Իսկանդերը» իրականում կրակել են ոչ թե հայերը, այլ Ռուսաստանը, որը, սակայն, Բաքուն որսացել է իսրայելական ՀՕՊ համակարգով:

Արդյո՞ք դրա համար է, որ Ռուսաստանը համառորեն հայտարարում է, որ «Իսկանդեր» չի կրակվել: Բայց առավել ուշադրության է արժանի այն, թե Ռուսաստանից ինչ է ուզում Բաքուն, կամ Անկարան, որ որոշել է «բացել գաղտնիքը»: Մեր ամբողջ մտահոգությունն իհարկե այն է, որ Ռուսաստանը չփորձի թեման փակել Հայաստանի հաշվին: