• Fri. Apr 23rd, 2021

Ռուս-ուկրաինական բախումը Հայաստանը կարող է ճակատի վերածել

Հավանական նոր սրումը Դոնբասում, իսկ էսկալացիայի դեպքում՝ նաեւ Ղրիմում, տեղի է ունենալու 2020 Նոյեմբերի 9-ին Հայաստանի համար ձեւավորված միանգամայն աննպաստ պայմաններում: 2015 պատերազմը Ուկրաինայի արեւելքում կարելի էր հայերի համար պարզապես թամաշա գնահատել, մինչդեռ այժմ դրությունը բոլորովին այլ է: Խնդիրը Թուրքիան է.

Նախ տեսնենք, թե ինչպիսին է կողմերի տեղեկատվական «դիսպոզիցիան» 2021 ապրիլի սկզբին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ ինքը «խիստ մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի զորաշարժին Ուկրաինայի շուրջ»: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազանգից հետո նա նաև խոստացել է «ԵՄ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» [Եվրոնյուզ, 1]:

Տեղեկանում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը, իր հերթին, հերքել է ռազմական հարձակման պլանավորումը, սակայն չի հերքել զորքերի տեղաշարժերը: Երկրի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի ասաց, որ Ռուսաստանն անում է «այն, ինչ համարում է անհրաժեշտ» և «անտեսելու է Միացյալ Նահանգների և այլ արևմտյան երկրների մտահոգության ազդանշանները» [ՌԲԿ, 2]:

Համաձայն լոնդոնյան Գարդիանի [3], ցանցային էկզոտիկայի ջատագովները մեծաքանակ տեսանյութեր են վերբեռնել TikTok հարթակում, թե ինչպես են Ռուսաստանի անծայրածիր տարածքով ռուսական մարդուժն և զրահատեխնիկան տեղափոխվում դեպի Ուկրաինայի սահման և Ղրիմ:

Մալոռոս սլավոնների ուղեկալը եւս աչալուրջ | լուս՝ getty

Նշենք, որ TikTok չինական հարթակը գտնվում է ռուս իշխանությունների վերահսկողության տակ, ինչը պարզ դարձավ Ալեքսեյ Նավալնու օգտին հարթակում ծավալված կամպանիան ճնշելիս: Ուստի, զորաշարժի մասին նյութերի տարածումը բխում է Կրեմլի շահերից: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ուզում է ասել, որ տարիներ առաջ Չինաստանին երկրի տարածքները զիջելու շնորհիվ այժմ ունակ է հսկայական զորախումբ ուղարկել դեպի երկրի արեւմուտք: Նույնը տեղի ունեցավ նաեւ Արցախի պարագային: Մոսկվան համապատասխան կոնտինգենտ էր կուտակում Կրասնոդար-Ստավրոպոլում դեռեւս 2020 մարտ ամսից:

Նույն կարծիքի է նաեւ CNA կորպորացիայի (Արլինգթոն, ԱՄՆ) Ռուսաստանի ուսումնասիրության ծրագրի տնօրեն Մայքլ Կոֆմանը: Այո, Մոսկվան վախեցնում է Ուկրաինային եւ նրա արեւմտյան դաշնակիցներին, նպատակ ունենալով ստիպել Դոնբասում քաղաքական քայլերի միջոցով սառեցնել էթնիկ կոնֆլիկտը անորոշ ժամանակով [TMT,4]: Ռուսների համար նպաստավոր կետի վրա, հստակեցնենք մենք:

Ինչ վերաբերում է մեզ առավել հետաքրքրող թուրքական պաշտոնական եւ մասնավոր զլմ-ներին, դրանք ուկրաինամետ աննախադեպ ակտիվություն են ծավալել՝ ախորժելով ու որոճալով բացառապես արեւմտյան դիրքորոշումները [Անատոլիական գ-ն, 5]: Միանգամայն սպասելի վարքագիծ: Հայաստանի համար հավանական հետեւանքների մասին հաջորդիվ:

 

Կարծեմ՝ բոլոր լավ և վատ դասերը սերտել ենք. Արմեն Սարգսյանը Եռաբլուրում. Երեւան 2020 սեպտեմբեր 21 | լուս՝ վարչապետական

Պավել Դալլաքյան, Ezerk.am