• Fri. Apr 23rd, 2021

Սլավոնական կռվի Թուրքիայի շահն ու Հայաստանը

Թե ինչպես է սիրիական Իդլիբից պատերազմը գալիս հասնում Հայաստան` անցյալ տարի քչերին էր հետաքրքրում: Որոնք են արհավիրքի հավանական ուղիները, ըստ երեւույթին, հիմա եւս կարեւոր չէ հանրությանը: Այդուհանդերձ, հնարավոր ուղիները պարզ են նաեւ այս պահին: Ի տարբերություն ԱՄՆ եւ ԵՄ, Թուրքիան որեւէ մտավախություն չունի ռուս-ուկրաինական նոր պատերազմի բռնկման առնչությամբ: Իսկ Հայաստանը դեպի ռուսական Կովկաս նրա ճանապարհին է: Ահա եւ նոր սխեման հակիրճ.

Ռուսական զորաշարժը դեպի ուկրաինական սահման եւ զինվորների արդեն տասնյակ զոհերը պետք է Արեւմուտքին հստակ զգուշացում լինեն հնարավոր լայնամասշտաբ պատերազմի մեջ ներգրավվելու վտանգի մասին: Մինչդեռ, Թուրքիան ուղղակի շահագրգռված է սլավոնական՝ ավանդաբար թուրքականին չզիջող վայրագությունների խնդրում:

Այստեղ շահը երկակի է. հեծնելով Կովկասից հեռացող Ռուսասատնը, Թուրքիան ձգտելու է մտրակել նրան եւ ժամ առաջ զբաղեցնել Մոսկվայի տեղը Անդրկովկասում: Ռուս-ուկրաինական, հայերիս համար ցավալի, էթնիկ ատելությունը մեծապես կնպաստեր Անկարայի նկրտումների իրականացմանը: Ինքը, Ուկրաինայի տարածքը նույնպես զգալիորեն ավելի մատչելի կդառնա Անկարայի ռազմավարական ծրագրերի ծավալման համար: Ավելին՝ Անկարան կարող է պատերազմ սադրելու համար որոշիչ իր «5 ղուրուշը» ներդնել:

Մյուս շահագրգռությունը ռազմատեխնիկական եւ առեւտրային է: Խոսքը թուրքական արտադրության ավիացիոն եւ հրթիռային սպառազինության մասին է, որն արդեն մատակարարվում է Ուկրաինա: Պատերազմի դեպքում մատակարարումները, բնականաբար, կբազմապատկվեն: Թուրքական Բայրաղտարները Արցախում, համենայն դեպս ռուսական ՀՕՊ միջոցների լռության պայմաններում, հսկայական վնաս հասցրեցին հայերին եւ հիմա էլ օդից հսկում են Հայաստանի արեւմտյան շրջաններն ու Արցախը, այդ թվում այնտեղ տեղակայված ռուսական զորքերին: Այժմ Bayraktar TB2-S ԱԹՍ-ները օժտված են լինելու արբանյակային կողմնորոշման եւ ավտոնոմ ղեկավարման համակարգերով, ինչը նրանց թույլ է տալու դիմակայել ռուսական Կրասուխա ՌԷՊ կայանքներին:

Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ ի տարբերություն Արեւմուտքի, Թուրքիան Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պրոքսի-պատերազմ վարելելու պատրաստակամություն ունի: Կովկասում Հայաստանի դեմ Մոսկվայի գործողությունները ստեղծել են բոլոր նախադրյալները թուրքական լկտիության համար նաեւ Եվրոպայի հարավում-արեւելքում:

Այն ինչ երեւում էր երեկ, հստակ է նաեւ հիմա

Սիրիայում ռուսական հնարավոր ակտիվացման հայկական արձագանքը երեւում էր դեռեւս 2012-ին [Ռեգնում, 6]: Ավելի հստակ էր այն արդեն 2017-ին, երբ ձեւավորվում էր Իդլիբի գոտին: Սիրիայում Հայաստանի ռազմական չմիջամտության սխալը, որ թույլ տվեցին հաջորդաբար Սերժ Սարգսյանի եւ Փաշինյանի կառավարությունները, ճակատագրական դարձավ Արցախի համար [Եզերք, 7]: Պահը օգտագործելու, ճկունություն ցուցաբերելու, 1994 հաղթանակը վերջապես քաղաքական կապիտալի վերածելու եւ սուբյեկտության նոր աստիճանից հանդես գալու միտումը բացակայում էր: Արդյունքում՝ անկում:

Խառնակ ժամանակներում ստրատեգիական տկար գնահատումը եւ պլանավորման իսպառ բացակայությունը պիտի հանգեցնեյին ռազմական ծանր պարտության եւ ինքնիշխանության կորստի: Ուշագրավ է, որ երկու կառավարություններն էլ ելնում էին աշխարհաքաղաքական status quo ապագա 25-30-ամյա ստրատեգիապես արդարացված կայունության կանխավարկածից: Մինչդեռ, ակնհայտ է, որ ժամանակի եւ տարածության հայկական զգացողությունը չքվում է արդեն մի քանի կիլոմետրի եւ մի քանի ամսվա մասշտաբի վրա:

Փաշինյանը մինչեւ 2050 թվական Հայաստանի շուրջ ռազմավարական անդորրը ինչպես տեսնում էր, այնպես էլ տեսնում է. Ֆուտուրիստական շնորհանդես Երաւանում, 2020 սեպտեմբեր 21 | լուս՝ վարչապետական

Ազգային մտածողության համար օդի պես անհրաժեշտ հարյուրամյակների եւ տարածաշրջանի մասշտաբները անմատչելի են: Պատերազմից մի քանի ամիս առաջ միայն ՀՀ ԱԳՆ իր համար հայտնաբերեց Կահիրեն՝ Բեյրութի տեղը հայտնի դարձավ պայթյունի շնորհիվ միայն, բայց այդպես էլ չայցելվեց, ուշ էր: Սարգսյանի կառավարությունը այդ երկու մայրաքաղաքների գաղութները «սփյուռք» էր համարում, իսկ Փաշինյանի համար հայը կովկասյան ազգ էր: Իջեւանից եւ Ստեփանակերտից այդպես էլ երեւում է: Ահա հետեւանքը՝ Իջեւանը եւ Ստեփանակերտը հիմա կրակի տակ են:

Ուկրաինական թնջուկը շատ ավելի վտանգավոր կարող է լինել: Դիվանագիտության հնարավորությունների առումով Երեւանը գտնվում է Ռուսաստան-Արեւմուտք-Թուրքիա եռանկյունու դինամիկային դիմակայելու ծայրահեղ աննպաստ դիրքում: Ավելի վատ, քան 2020 սեպտեմբերի նախօրեին էր, ու խնդիրը միայն ռազմական կորուստները կամ սահմանների ներկա գծագիրը չէ:

Հայաստանին պարտադրված Փաշինյան-Քոչարյան դուելը, այդ երկընտրանքի կեղծության պատճառով, երաշխավորում է հայերի հերթական պարտությունը: Ծույլ ուղեղների, ավանդույթի եւ ընչաքաղցության ծնունդ կույր ռուսահպատակությունը պատրաստ է իր հերթական «անակնկալը» մատուցել: Դրանից խուսափելու եղանակները բարդ՝ սակայն թե դրսում, թե ներսում կան:

Քոչարյանը՝ Պոզներին. Ես Ղարաբաղում պատերազմի չեմ ձգտելու. Մոսկվա 5 ապրիլ 2021 |

Պավել Դալլաքյան, Ezerk.am