• Thu. Apr 22nd, 2021

Այլ երկրներ ու ժողովուրդներ փնտրում են այդպիսի ռեսուրս՝ այդ ուղղությամբ աշխատելու համար

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, «Ֆորբս» ամսագրի տվյալով, համալրել է միլիարդատերերի շարքը: Ամսագիրը, որ պարբերաբար գնահատում է տարբեր անձանց կարողությունն ու դասակարգում, Քիմ Քարդաշյանի կարողությունը 2020-ի դրությամբ հաշվել է 780 միլիոնից մինչև 1 միլիարդի սահմանում:

Միլիարդատերերի շարքում ազգությամբ հայի հայտնվելը անկասկած ուրախացնող է, առնվազն հայրենակցական համերաշխության տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, չցանկանալով հաշվել որևէ մեկի փողը, այդուհանդերձ արժե թերևս խորհել այն մասին, թե բացի զուտ հայրենակցական համերաշխությունից բխող ուրախությունից, ի՞նչ առարկայական հեռանկար է հնարավոր ակնկալել Քիմ Քարդաշյանի անձնական հաջողությունը նաև հայկական հաջողության վերածելու, այդ թվում՝ Հայաստանի համար ողջունելի նպատակների ծառայեցնելու առումով:

Այդ մասին խոսելու հիմք տալիս է հատկապես այն, որ հայազգի աստղը բացարձակապես չի թաքցնում իր հայկական արմատներն ու ինքնությունը և արդեն երկու անգամ՝ 2015 և 2019 թվականներին, եղել է պատմական հայրենիքում և այդ այցերի մասին արտահայտվել միանգամայն ջերմ: Ավելին, դրանց ընթացքում՝ հատկապես երկրորդ այցի ժամանակ, որը հենց բիզնես առիթով էր, Քիմ Քարդաշյանը խոսել է ներդրումային մտադրությունների մասին: Այսօր՝ ավերիչ և դաժան պատերազմից հետո, Հայաստանն առավել քան երբևէ ունի ներդրումների անհրաժեշտություն, և առավել քան երբևէ այդ հարցում կարևոր է դարձել համահայկական ռեսուրսի հավաքականությունը՝ անկախ քաղաքական հայացքներից և համակրանքներից:

Այդ իմաստով դեռևս 2015 թվականին՝ հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցից հետո եմ դիտարկել հարցը, թե այցից և մեծ ոգևորությունից բացի, ի՞նչ ծրագրեր ու մտադրություններ կան, որոնք թույլ կտան կապիտալիզացնել թե՛ Քիմի ոգևորությունը, թե՛ նաև Հայաստանի հանրային զգալի հատվածների ոգևորությունը, որ ակնհայտ էր նրա և ոչ պակաս հանրաճանաչ համաշխարհային աստղ ամուսնու՝ Քանյե Ուեսթի այցից:

Թերևս բոլորի հիշողության մեջ է Ուեսթի խելահեղ համերգը Կարապի լճում:

Այդ ամենի երկարաժամկետ կապիտալիզացիան թերևս պետք է հիմնարար իմաստ հաղորդի տեղի ունեցածին՝ որպես հայկական ինքնության և պետականության երկարաժամկետ հեռանկարների հարցում համահայկական հավաքականության վառ օրինակ: Ավելին, Քիմ Քարդաշյանն այդ իմաստով ունի առանձնահատկություն, քանի որ նրա ընդգծված հայկական ինքնությունը զուգորդվում է նաև «Քարդաշյան» աստղային բրենդի համաշխարհային ընդգրկվածությամբ, ինչը թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական հավաքականության, այլ նաև հայկականի հանդեպ բազմամիլիոն երկրպագուների ուշադրության մասին, որը ևս կապիտալիզացիայի ենթակա ռեսուրս է, ինչով հարկ է զբաղվել:

Այլ երկրներ ու ժողովուրդներ փնտրում են այդպիսի ռեսուրս՝ այդ ուղղությամբ աշխատելու համար: